Հովհաննես Սահակյանի մտորումները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի շուրջ

15:49 • 21.07.14

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը Tert.am–ի խնդրանքով անդրադարձել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ ilur.am—ին տված հարցազրույցին։ Պատգամավորի մտորումները ներկայցանում ենք ստորև։

«Դժվար է դիմացինին համոզել քո ազնվության մեջ, եթե դիմացինը այդ նույն պայմաններում ազնիվ չէր լինի:
Կամ յուրաքանչյուր ոք երևույթների վերաբերյալ դատողություններ է կատարում իր փչացվածության աստիճանից ելնելով:
Սեփական քաղաքական օրակարգը չունենալով կամ այն ձևավորելու անկարողությունը իշխանության վարող քաղաքականությամբ արդարացնելը կամ այլ քաղաքական ուժերի միջև թվացյալ հակասություններ ստեղծելը կամ փողոցային ժարգոնով ասած՝ ոմանց ինչ-որ բան լսեցնելը, պետության Առաջին Նախագահին մեղմ ասած պատիվ չի բերում, եթե չասեմ, որ սասանում է «իմաստուն քաղաքական գործիչ» Լ. Տեր- Պետրոսյանի համբավը:

Սահմանադրական փոփոխություններին տրված գնահատականները այս առումով աննախադեպ կարող են համարվել:


Թեպետ և հասկանում եմ և ավելին դժվար էր այլ բան սպասել մի անձից, որի օրոք ընդունված Սահմանադրության հիմքում ֆրանսիայի նախկին գաղութներ հանդիսացող աֆրիկյան մի շարք երկրների սահմանադրություններն էին դրված: Սահմանադրություն, որի գլխավոր հերոսը Նախագահն էր: Որտեղ Նախագահը ամեն ինչ էր, և որտեղ այդ ամեն ինչ հանդիսացող Նախագահը հենց այդ Սահմանադրության պատճառով իշխանությունը կորցնելուց հետո քաղաքական դաշտում դարձավ ոչինչ: Ոչինչ դարձավ ոչ միայն Նախագահը այլ նաև այն քաղաքական ուժը, որը պաշտպանում էր այդ Նախագահին: Պարոն Առաջին Նախագահ ամեն ինչ անցել է, բայց լավ կլիներ իմանայիք, որ այդ ամբողջի գլխավոր պատճառներից մեկը այդ ժամանակահատվածում գործող Սահմանադրությունն էր: Այդ Սահմանադրության հիմքում էր դրված Ձեզ իշխանությունից հեռացնելու և ոչ քաղաքական դեմք հանդիսացող անձին Նախագահ կարգելու հիմքերը: Այդ Սահմանադրության հիմքում է դրված անձնակենտրոն քաղաքական համակարգի հիմքերը, դատական իշխանության անզորությունը, տեղական ինքնակառավարման չգոյության մոտ վիճակը: Ու նաև այդ ամբողջի համար պատասխանատվություն կրող որևէ անձի ու քաղաքական ուժի բացակայությունը:


Անշուշտ, հասկանալի է, որ Ձեզ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է երկրի Նախագահը դեմ լինել որևէ մոդելի, բայց երկրի շահը վեր դասել ամեն ինչից ու թույլ տալ, որ մասնագիտական հանձնաժողովը հանրային քննարկումներ սկսի: Ձեզ համար միգուցե անհասկանալի է այս ամենը, որովհետև Ձեր ժամանակ նման բան չէր կարող լինել: Բայց առնվազն պետք է ընկալելի լինի, որ Սահմանադրությունը իրավաքաղաքական փաստաթուղթ է, և որ մասնագիտական հանձնաժողովի մասնագիտական եզրահանգումները չեն հավակնում կանխորոշիչ լինելու փաստաթղթի քաղաքական ճակատագրի համար:


Ուրախ կլինեի Առաջին Նախագահի բերանից լսելու թե ինչին է դեմ: Դեմ է իրական իրավունքների՞ն ու ազատությունների՞ն, դեմ է իրական անկախ դատական իշխանությանն ու տեղական ինքնակառավարմա՞նը, դեմ է հավասարակշռված քաղաքական համակարգի՞ն, ինչի՞ն եք դեմ ասեք, կարծում եմ բոլորի համար հետաքրքիր կլինի: Վերջապես փաստարկված խոսք պիտի՞ լսենք այս հարցում, թե ոչ:

Սահմանադրական փոփոխությունները Ղարաբաղյան ու ներքին հիմնահարցերի լուծմանը հակադրելը արդեն հայտնի անեկդոտի հայտնի հերոսին են հիշեցնում:

«Ցանկացած բռնապետ, որքան էլ հզոր, ժամանակի ընթացքում կորցնելով իրականության զգացողությունը, վերջիվերջո մի ճակատագրական սխալ թույլ է տալիս»։ Ձեր այս խոսքի հետ համաձայն եմ: Ի ուրախություն մեզ Դուք թույլ տվեցիք այդ սխալը: Ու այդ սխալի արդյունքում այսօր Հայաստանը փոքր-ինչ տարբերվում է վերը նշված պետություններից:


Ձեր մեկ այլ մտքի հետ համաձայն չեմ «Թեեւ քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել Սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը»: Դուք արդեն վաղուց ոչ թե լուրջ ուժ չեք, այլ ընդհանարապես ուժ չեք: Ու այդ հարցում մեղավորներ չփնտրեք, Դուք եք առաջին մեղավորը: