Մեզ պետք է մտահոգի այն, որ տարածաշրջանը շատ է հագեցած զենքով. ՀԴԿ նախագահ

22:06 • 21.07.14

Մեզ պետք է մտահոգի այն, որ տարածաշրջանը շատ է հագեցած զենքով, և միլիտարիստական տրամադրությունները շատ են բարձրացել, դրա՛ մասին պետք է խոսվի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու թեմային:


Նա նշեց, որ դեռևս մեկուկես տարի առաջ ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ներկայությամբ ինքն իր կարծիքն ասել է:

 

«Ինչպե՞ս հասկանանք, որ դուք հարձակողական զենք եք վաճառում այն պետությանը, որը մեզ հետ թշնամական հարաբերությունների մեջ է, և երկրորդ՝ ի՞նչ պետք է լինի, եթե հանկարծ ռազմական գործողություններ սկսվեն, դուք պետք է ձեր զենքով ոչնչացնե՞ք այն մյուս տարածքում գտնվող ձեր զենքը և դրանով վարկաբեկե՞ք ձեր զենքի որակը: Այդ հարցադրումը ես արել եմ, և հիմա էլ եմ գտնում, որ պետք է ժամանակին բարձրացնել այդ հարցերը և ժամանակին ստանալ բացատրություններ»,-ասաց Արամ Սագսյանը:

 

Ըստ նրա՝ պարզ է, որ Ռուսաստանը վարվում է այնպես, ինչպես իր պետական շահերն են թելադրում: «Պարզ է, չէ՞, որ իրենք չեն ուզում Ադրբեջանի հետ շատ վատ հարաբերություններ ունենալ»,-ասաց ՀԴԿ նախագահը՝ նշելով, թե կա նաև այն հանգամանքը, որ եթե Ռուսաստանը զենք չվաճառի, Ադրբեջանը դա կգնի Իսրայելից կամ մեկ այլ պետությունից:


Արամ Սարգսյանը նաև նշեց, որ Ադրբեջանի նման ակտիվացման արդյունքում մեր արտաքին գործերի նախարարությունը պետք է համապատասխան նոտա հղեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:


«Եթե դա Ադրբեջանի հետ տեղի ունեցած լիներ, պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի վայնասուն բարձրացրած կլինեին աշխարհով մեկ»,-ասաց Արամ Սարգսյանը: