Սաակաշվիլին հայտարարել է, թե ԵՄ-ն պետք է դադարեցնի նավթի գնումը Ռուսաստանից

16:23 • 21.07.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն այժմ գտնվում է Ցյուրիխում, «Ռուսթավի- 2» հեռուստաընկերության եթերում խոսել է նոր պատժամիջոցների մասին, որ Եվրոպան կարող է կիրառել Ռուսաստանի դեմ, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը:

 

«Ի՞նչ կարող է անել Եվրոպան: Եվրոպան կարող է դադարեցնել նավթի գնումը «Բարեկամություն» նավթամուղով, որով Ռուսաստանը նավթ է մատակարարում Եվրոպային: Հենց այսօր էլ կարող է դադարեցնել: Եվրոպան կարող է դադարեցնել նավթի և գազի համար տեխնոլոգիաների մատակարարումը, քանի որ Ռուսաստանը, որպես երկիր, որպես տնտեսություն, մեծ բենզալցակայանի է նման: Եթե նա այդ եկամուտը չստանա, գործերը վատ կընթանան»,- հայտարարել է Սաակաշվիլին։

 

Բացի այդ, նախկին նախագահը կարծում է, որ Եվրոպան կարող է սառեցնել ՌԴ-ի արժութային հաշիվները:

 

Սաակաշվիլին դարձյալ քննադատել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որը մի քանի տարի առաջ ստեղծել է «Վրացական երազանք» կոալիցիան, որն էլ այժմ իշխում է երկրում: Նա Իվանիշվիլիին մեղադրել է, որ վերջինս հանդիսանում է ռուսական շահերի ներկայացնողը Վրաստանում և որ նրա բիզնես-շահերը կապ ունեն ռուսական «Գազպրոմի» հետ: