Մեծ Բրիտանիան սպառնացել է դուրս գալ ԵՄ-ից, եթե կառույցը չբարեփոխվի
Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը, եթե վերջինս արմատական բարեփոխումներ չիրականացնի. ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության նոր արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը:
«Եվրամիությունը եթե չբարեփոխվի, չի համապատասխանի Մեծ Բրիտանիայի շահերին: Եթե ԵՄ-ի մեր գործընկերները հայտարարեն, որ պատրաստ չեն փոփոխությունների և բանակցությունների, ապա ակնհայտ է, թե որը կլինի բրիտանացիների արձագանքը»,-ասել է նախարարը:
Գործող վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե 2015թ.-ի ընտրություններից հետո ինքն իշխանության մնա, ապա 2017թ.-ին հանրաքվե տեղի կունենա ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վերաբերյալ:
Եվ քվեաթերթիկում դրված կլինի Լոնդոնի՝ Եվրամիությունից դուրս գալու հարցը:
«Անհրաժեշտ է խորացված բանակցություններ անցկացնել և ԵՄ-ում էական փոփոխություններ անել, որպեսզի Մեծ Բրիտանիան համոզվի, որ իրեն լսել են: Դրանից հետո մենք կդիմենք բրիտանացի ժողովրդին»,-ասել է նախարարը:










