Գազայի հատվածում մի քանի օրում ավելի քան 100 մարդ է մահացել, հիմնականում` կանայք և երեխաներ
Վերջին օրերը ամենաարյունալին են դարձել Գազայի հատվածում իրավիճակի սրման սկզբից ի վեր` խլելով ավելի քան 100 մարդու կյանք: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարման Հակը` վկայակոչելով պաղեստինցիներին օգնություն ցուցաբերող UNRWA գործակալության տվյալները:
«Վերջին 24 ժամը դարձել է ամենաաղետալին բռնության սրման սկզբից ի վեր. մահացել է 107 մարդ, ներառյալ` 23 կին և 35 երեխա», - նշվում է UNRWA-ի հայտարարության մեջ:
Հակի խոսքով` Գազայում իրավիճակի լարման սկզբից ավելի քան 100 000 մարդ լքել է իր տունը:
Հիշեցնենք, որ Իսրայելը հուլիսի 7-ից ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում` ընդդեմ «ՀԱՄԱՍ» շարժման ներկայացուցիչների:










