Նիդեռլանդների վարչապետը մտադիր է «միջոցներ ձեռնարկել» Boeing-ի վթարի վայրին հասանելիություն չստանալու դեպքում

16:04 • 21.07.14

Եթե Ուկրաինայի արևելքում Boeing 777-ի ընկնելու վայրին ամբողջական հասանելիություն չտրամադրվի, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն պատրաստ է գործի դնել բոլոր հնարավոր տարբերակները, գրում է gazeta.ru-ն:


«Եթե առաջիկա օրերին աղետի գոտու մուտքն անբավարար լինի, մենք կձեռնարկենք քաղաքական, տնտեսական և ֆինանսական միջոցներ նրանց դեմ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով պատասխանատու են դրա համար»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ ռուսական կողմն այդ իրավիճակում պարտավոր է օգտագործել իր ազդեցությունը ապստամբների վրա:

 

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Boeing-ի կործանման հետաքննության գործում համակարգողի դերը փոխանցել  Նիդեռլանդներին:

 

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Նիդեռլանդների վարչապետը կողմ է Դոնեցկում ավիավթարի հետաքննության անցկացումը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետներին վստահելուն։ Դրան կողմ էր արտահայտվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Հոլանդացի վարչապետի խոսքով՝ «սև արկղերի» գտնվելու վայրն անհայտ է մնում: Սակայն, դրանց հայտնաբերման դեպքում, «սև արկղերը» պետք է փոխանցվեն ICAO-ի մասնագետներին: