Պորոշենկոն հանձնարարել է դադարեցնել ռազմական գործողությունները կործանված Boeing-ից 40 կմ հեռավորության գոտում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է դադարեցնել ռազմական գործողությունները մալայզիական Boeing-777 ինքնաթիռի աղետի վայրից 40 կմ հեռավորության վրա, հայտնում է Обозреватель-ը։
Նախագահի խոսքով՝ պետք է անցկացնել օբյեկտիվ և անկողմնակալ հետաքննություն, որին խոչընդոտում են «ահաբեկիչները» (ռուսամետ անջատողականները)։
«Ես հանձնարարել եմ, որպեսզի ողբերգության վայրից 40 կմ հեռավորության վրա ուկրաինացի զինվորականներն անհապաղ դադարեցնեն գործողությունները, չպետք է կրակ բացեն՝ փորձագետների գործունեությունն ապահովելու համար»,- ասել է Պորոշենկոն։
Նրա խոսքով՝ «ահաբեկիչները և նրանք, ովքեր աջակցում են ահաբեկիչներին, չունեն այլևս ոչ մի արդարացում՝ զոհերի մարմինները համապատասխան երկրներին փոխանցելը թեկուզ մեկ ժամով հետաձգելու համար»։ Պորոշենկոն հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունները պետք է ստանան միջազգային հանրության արդար գնահատականը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով։
Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, Դոնեցկի շրջանում, որտեղ կռիվներ են ընթանում։ Զոհվել են դրանում գտնվող բոլոր 298 մարդիկ։ Այն իրականացնում էր Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը։










