Տաջիկստանի պատգամավորների թեկնածուները տաջիկերենի իմացության քննություն կհանձնեն

18:04 • 21.07.14

Այսուհետ կստուգեն Տաջիկստանի խորհրդարանի պատգամավորների թեկնածուների պետական լեզվի իմացությունը: Այդ մասին հայտարարել է պետության Ընտրությունների և հանրաքվեների հարցերով կենտրոնական հանձնաժողովի վարչության ղեկավար Աբդումանոն Դոդոևը, գրում է lenta.ru-ն: Նրա խոսքով՝ համապատասխան որոշումը հաստատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Նոր գործընթացի համաձայն՝ խորհրդարանի երկու պալատների պատգամավորի թեկնածուները պարտավոր կլինեն գրանցումից առաջ տաջիկերենի իմացության քննություն հանձնել:

 

Գիտելիքների ստուգման համակարգը բաղկացած կլինի երեք մակարդակից. պատգամավորի թեկնածուն պարտավոր կլինի բանասերների ներկայությամբ գրել իր ինքնակենսագրականը, կարդալ տպագիր տեքստ, իսկ այնուհետև բանավոր հարցազրույց անցնել: Այդ քննության արդյունքների հիման վրա մասնագետները որոշում կկայացնեն, թե արդյոք թեկնածուն կարող է զբաղվել օրենսդրական գործունեությամբ՝ օգտագործելով պետական լեզուն։