Թբիլիսիում հայկական եկեղեցու վրա հարձակումը կրոնական անհանդուրժողականության հետևանք է. կարծիքներ
Թբիլիսի Սբ էջմիածին հայկական եկեղեցու վրա կատարված հարձակումը, որը Ջավախքը ներկայացնող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է, և դատապարտվում է, Վիրահայոց թեմի կողմից աննախադեպ կոշտ արձագանքի արժանացավ: Մասնավորապես, նշվում է, թե այս «ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք է»:
Tert.am–ը Ջավախքը ներկայացնող փորձագետներից, քաղաքական գործիչներից ու վրացագետներից փորձեց պարզել, թե արդյոք Վրաստանում նման միտումներ ի հայտ են եկել: Ինչպես նաև՝ արդյո՞ք ազգամիջյան թշնամանքի նման դրսևորումները չեն հրահրվում Վրաստանում բնակվող ադրբեջանցիների կողմից:
Վրացագետ Ալիկ Էրոյանցը, ով ևս դատապարտեց միջադեպը, միանշանակ այն կարծիքին է, որ դեպքը եղել է էթնիկ կրոնական հողի վրա, քանի որ հայհոյանքներ են հնչել ուղղված հայությանը և հայ եկեղեցուն: Նրա դիտարկմամբ՝ իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն եղել, քանի որ եթե ավելի շուտ միջամտեին, վեճը նման շարունակություն չէր ստանա:
«Մեր համայնքը, վիրահայոց թեմը և վրաց եկեղեցին պետք է հետևողական լինեն, որ այդ դեպքը բացահայտվի»,- ասաց վրացագետը և նկատեց, որ այդ դեպքը նախադեպ չէ Վրաստանում և նման բաներ էլի եղել են:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ սա ադրբեջանական համայնքի կողմից հրահրված երևույթ լինի, Ալիկ Էրոյանցն ասաց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, և եթե այս դեպքը դիտարկվի այն տեսանկյունից, թե ում է ձեռնտու, ապա հնարավոր է լինի նրանց կողմից հրահրված:
«Հատկապես վերջին երկու տարիների ընթացքում թուրք-ադրբեջանական գործոնը թուլացել է Վրաստանում, քանի որ նոր իշխանություններն ավելի բալանսավորված քաղաքականություն են վարում և նախկին իշխանության նման՝ միայն պրոադրբեջանական, պրոթուրքական ուղղությամբ չեն աշխատում»,- ասաց վրացագետը:
Վրաստանում չվերագրանցված «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ միջադեպի մանրամասներին այնքան էլ տեղյակ չլինելով չի կարող գնահատել, սակայն ավելացրեց, որ կրոնական անհանդուրժողականություն Վրաստանում միշտ կա, և կլինի Սաակաշվիլի՞, Իվանիշվիլի՞, թե Մարգվելաշվիլի՞, սա թուլանում կամ ավելանում է:
«Իսկ այդ կնոջ մեքենայի պարկովկայի հետ կապվածը, բնականաբար, ընդամենը պետք է առիթ լիներ այդ անհանդուրժողականությունն ի ցույց դնելու, որը կա, փաստ է: Դա ունի իր պատճառները, ու եթե ես թվարկեմ, մինչև Արգիշտի կհասնեմ: Բառացիորեն երեկ, մեր Ախալքալաքի բերդում վրաց եկեղեցականները քարեր–մարեր են բերում, մեքենաներով դատարկում: Վրաստանը երեկ վավերացրեց ԵՄ-ի հետ իր Ասոցացման պայմանագիրը ու այս դեպքերն իրար հետ շղթայական գնացին»,- նշեց Դավիթ Ռստակյանը և այս համատեքստում ավելորդ չհամարեց նշել, որ «Վիրքը» չեն վերագրանցվում:
ԱԺ նախկին պատգամավոր, ծնունդով ջավախեցի Հայկ Սանոսյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ դատելով Վիրահայոց թեմի տարածած հայտարարությունից, նման միտումներ կան: «Հավաստի աղբյուրի՝ մեր Հայոց թեմի հաղորդագրությանն եմ ծանոթ և դա կարդալով, այո՛, զգացվում են նման միտումներ, որ կրոնական հողի վրա ատելություն կա.»,-ասաց նախկին պատգամավորը: Սակայն, որ կա հակահայ քարոզչություն, նման բան Հայկ Սանոսյանը չի կարծում:
«Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի նախագահ Առնոլդ Ստեփանյանը Tert.am–ի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց, որոնք մի փոքր տարբերվում են Վիրահայոց թեմի տրամադրած տեղեկատվությունից: Եվ, և, հետևաբար, փորձագետը ձեռնպահ մնաց վերջին միջադեպի համատեքստում վերը նշված հարցերին անդրադառնալուց:
Մասնավորապես, ըստ Առնոլդ Ստեփանյանի, հեռուստատեսության կողմից ներկայացվել է միջադեպի տեսանկարահանումը, ինչից պարզ է, որ կռիվը եղել է ոչ թե եկեղեցու տարածքում, այլ եկեղեցու բակի և մարզադաշտի արանքում:
«Մենք զրուցել ենք ինչպես թեմի, այնպես էլ երկրորդ կողմի՝ այդպես կոչված հարձակվողների հետ, որոնք ասուլիս էին հրավիրել, ինչպես նաև մարդկանց հետ, ովքեր ականատեսներ են եղել: Իրենց խոսքով՝ այնտեղ 13 հոգի է եղել, ոչ թե 50: Եվ այդ 13-ից 4 եղել են հայեր, և այդ կնոջ՝ հարևանությունը, հիմնականում»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը և ավելացրեց, որ կոնֆիլկտը եղել է 3 հոգու՝ Վիրահայոց թեմի իրավաբանական բաժնի պետ Լևոն Իսախանյանի, նրա եղբոր և եկեղեցու հովիվ Տեր Մանուկի հետ»:
Ըստ Առնոլդ Ստեփանյանի՝ առաջին երկուսը հոգևորականի կարգավիճակ չունեն, ունի միայն Տեր Մանուկը, որն էլ հոգևորականի հագուստով չի եղել: «Այսինքն՝ կոնֆլիկտը, որ առաջացավ, իրենք չեն պատկերացրել, որ հոգևորականներ են»,- ընդգծեց Առնոլդ Ստեփանյանը:
Նա նաև, ականատեսների ու այսպես կոչված՝ հարձակվողների ասածների հիման վրա պատմեց, որ հավատացյալ հայազգիներին խումբը չի ծեծել, իրականում ծեծվել է մեկ անձ՝ Լևոն Իսախանյանը, որը, ըստ հարձակվողների՝ իրենց «քֆուր էր տալիս»:
Վրացագետը նաև նշեց, որ թեմը ներկայացնող անձանցից մեկի կողմից նախազգուշական օդ կրակելը եղել է ոչ թե մեկ, այլ 7 անգամ:
Առնոլդ Ստեփանյանը հավելեց, որ որքանով տեղյակ է՝ խմբի մի քանի անդամներ ձերբակալված են և հարցաքննվում են:
Վրաստանի հայ համայնքից նշված գործընթացներին քաջածանոթ մեկը նշեց, որ Լևոն Իսախանյանին անմիջական խորհրդատվություն և աջակցություն ցույց է տալիս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը։ Ըստ նրա՝ երեկ երեկոյան և այսօր Լևոն Իսախանյանին այցելել են նախկին իշխանությունների՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության բազմաթիվ անդամներ:










