Պուտինը խոստացել է անել ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղ բանակցությունների անցկացման համար (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Մոսկվան կանի առավելագույնը, որպեսզի հակամարտությունն Ուկրաինայում ռազմական փուլից անցնի խաղաղ բանակցությունների։ Այդ մասին նախագահը հայտարարել է հուլիսի 21-ին՝ Դոնեցկի մարզում ավիաաղետի վթարի վերաբերյալ պաշտոնական ուղերձում, փոխանցում է Корресондент-ը։
ՌԴ նախագահը կոչ է արել Ուկրաինայում հակամարտության կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Սարսափելի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել Դոնեցկի երկնքում, կցանկանայի ևս մեկ անգամ ասել այն մասին, թե ինչպես ենք մենք Ռուսաստանում վերաբերվում իրադարձություններին, որոնք այսօր տեղի են ունենում Ուկրաինայում։ Մենք բազմիցս կոչ ենք արել հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական կողմը կանի այն ամենը, ինչ իրենից պահանջվում է, որպեսզի հակամարտությունն Ուկրաինայում ռազմական փուլից անցնի քննարկման փուլի` բանակցությունների սեղանի շուրջ։
Հիշեցնենք, որ մալայզիական օդանավը Դոնեցկի շրջանում կործանվել էր հուլիսի 17-ի երեկոյան։ Դրանում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են։ Կատարվածի համար Ուկրաինան մեղադրել է ռուսամետ անջատողականներին, իսկ ՌԴ-ն՝ Ուկրաինայի իշխանություններին։










