Կոբզոնը, Վալերիան և Գազմանովը չեն մեկնի «Նոր ալիք» մրցույթին. Լատվիան արգելել է նրանց մուտքը երկիր
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 21-ին հրապարակել է ռուս հայտնի երգիչների անունները, որոնց մուտքն արգելված է երկիր։ Դա Իոսիֆ Կոբզոնն է, Օլեգ Գազմանովը և Ալլա Պերֆիլովան, ով հանդես է գալիս Վալերիա բեմական կեղծանունով, գրում է newsru.com-ը։
Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը նշել է, որ «սև ցուցակում» ներառված են մարդիկ, որոնք վերջին շրջանում «ագրեսիվորեն աջակցել են» Ղրիմի անեքսիան և «բազմիցս հրապարակայնորեն վիրավորական արտահայտվել Ուկրաինայի գործողությունների վերաբերյալ»,- ասել է նախարարը։
Նա նաև հայտնել է, որ եթե «սև ցուցակում» ընդգրկված մարդիկ արդեն գտնվում են Լատվիայի տարածքում, ապա նրանց կխնդրեն լքել երկիրը։ «Ձերբակալություններով և ոստիկանության մասնակցությամբ շոուներ այդ մարդկանց դուրս բերելու համար չեն լինի»,- ասել է Ռինկևիչը։
Նախարարը հայտնել է, որ Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ փառատոնն այս տարի Յուրմալայում անցկացնելը, իր կարծիքով, տեղին չէ։ Նման դիրքորոշում ունի նաև Լատվիայի մշակույթի նախարար Դացե Մելբարդեն։
Այս տարի «Նոր ալիք» երիտասարդ կատարողների 13-րդ երգի միջազգային մրցույթը կկայանա Յուրմալայի «Ձինտարի» համերգասրահում հուլիսի 22-27-ը։










