Ռուս երիտասարդի սպանության համար մեղադրվող ադրբեջանցու դատավճիռը կհրապարակվի հուլիսի 28-ին
Մոսկվայի քաղաքային դատարանը ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովի սպանության գործով Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի դատավճիռը կհրապարակի հուլիսի 28-ին:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին դատարանն այսօր հայտարարել է Մոսկվայի Բիրլյուևո շրջանում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով դատավարության ընթացքում:
Հիշեցնենք, որ այսօր դատավարության ընթացքում դատախազը Զեյնալովի մեղքն ապացուցված էր համարել և պահանջել էր նրան 18 տարվա ազատազրկման դատապարտել:
Մեղադրողի խոսքով՝ փորձաքննությունը ցույց է տվել, որ Զեյնալովը նպատակաուղղված հարված է հասցրել Շչերբակովի որովայնին՝ ցանկանալով սպանել նրան: Փորձաքննությունը հերքել է ամբաստանյալի վարկածն այն մասին, թե նա մտադիր չի եղել սպանել Շչերբակովին և չի ցանկացել հարվածել նրա կենսական նշանակության օրգաններին:
Պաշտպանությունն իր հերթին դատավարության ընթացքում շարունակել է պնդել, որ Զեյնալովն անմեղ է:
«Հետաքննությունն իրականացվել է սխալ, ոչ օբյեկտիվ»,-ասել է փաստաբան Վիկտոր Անիկուշկինը: Նրա խոսքով՝ խախտվել է Զեյնալովի անմեղության կանխավարկածը, նա բռնության է ենթարկվել ձերբակալության ընթացքում, և այդ կադրերը ցուցադրվել են հեռուստատեսությամբ:
2013թ.-ի հոկտեմբերի 10-ին Զեյնալովն ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել էր 25-ամյա Եգոր Շչերբակովի հետ և դանակով հարվածել էր նրա կրծքին: Ստացած վնասվածքներից ռուս երիտասարդը տեղում մահացել էր:
Սպանությունից հետո Մոսկվայի Բիրյուլևո շրջանում մեծ աղմուկ էր բարձրացել, որն ավարտվել էր անկարգություններով:










