Խոսել մոտ ապագայում ԼՂ հարցի կարգավորման մասին՝ կնշանակի հեռու լինել իրականությունից. Ալ. Մարգարով

15:23 • 22.07.14

Մոտական ժամանակներում խոսել արցախյան հարցի կարգավորումից՝ կնշանակի հեռու լինել իրականությունից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, ով հավելեց, սակայն, թե պարզ է, որ շարունակվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը:


Քաղաքագետին այսպիսի տեսակետ հայտնելու համար առիթ է հանդիսացել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումը, թե մենք ձգտում ենք կարգավորման` բանակցությունների միջոցով:

«Միջազգային հանրության մեջ չենք տեսնում այն ռեսուրսներն ու ցանկությունները, որը կողմերին հնարավորություն կտա ստորագրել համաձայնագիրը՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը: Լավատեսության կամ վատատեսության համար հիմքեր չկան, պետք է լինել իրատես»,- ասաց Մարգարովը:


Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգմանը, ապա քաղաքագետի կարծիքով՝ այն մոտեցումները, որոնք քաղաքականապես ներկայացված են եղել, դեռևս ուժի մեջ են, և գործելով օբյեկտիվ սահմանափակումների և սուբյեկտիվ իրականության մեջ, կան որոշ դրույթներ, որոնք իրենց լուծումները չեն գտել: