Ինտեգրացիոն տարբեր ուղղությունները չեն խոչընդոտի հայ-ուկրաինական տնտեսական հարաբերություններին. Իվան Կուխտա

13:47 • 22.07.14

Անկախ հանգամանքից, որ Հայաստանն ու Ուկրաինան ընտրել են ինտեգրացիոն տարբեր ուղղություններ և գտնվելու են տնտեսական տարբեր կառույցներում, երկու երկրներն էլ ոգևորված են տարբեր ոլորտներում համագործակցության շարունակմամբ և խորացված, այս մասին ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտա։


Նրա գնահատմամբ, քանի որ երկու երկրների միջև առկա են տնտեսական լուրջ հարաբերություններ և հետաքրքրությունների մեծ շրջանակ, ապա ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին Երևանում կկայանա միջկառավարական համաժողով, որի ընթացքում կողմերը մանրամասն կքննարկեն տնտեսական համագործակցությունը:


«Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Ուկրաինան շուտով կվավերացնի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Սակայն դա չի խանգարի, որպեսզի հայ-ուկրաինական տնտեսական հարաբերությունները զարգանան, քանի որ առկա է երկուստեք հետաքրքրություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`լրագրողների հետ զրույցում ասել է Իվան Կուխտան։


Դեսպանը հավելելով, որ Հայաստանն Ուկրաինա է արտահանում հիմնականում կոնյակ և միրգ` հատկապես ծիրան, իսկ Ուկրաինայից Հայաստան է ներմուծվում կաթի փոշի, ձեթ, մետաղյա իրեր, քաղցրավենիք:


Հիշեցնենք, որ Ուկրաինան ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մասով, ինչը ենթադրում է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ կարող է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում իրականացնել առևտուր զրոյացված կամ չնչին մաքսատուրքերով: Հայաստանն ընտրել է ինտեգրացիոն այլ ուղղություն և շուտով պետք անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: