Նիդերլանդների փոքրիկ քաղաքից միանգամից 3 ընտանիք մալայզիական «Boeing»-ի կործանման զոհ է դարձել
Ուկրաինայում մալայզիական «Boeing»-ի կործանման հետևանքով Նիդերլանդների Հիլվերսյում փոքրիկ քաղաքից միանգամից 3 ընտանիք է զոհվել: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Washington Post-ին:
Հիլվերսյումը, որը Ամստերդամից 32 կմ հարավ է գտնվում, մոտ 84 հազար բնակիչ ունի: Ամեն 3-րդ տան պատշգամբում զոհվածների ընկերների և հարևանների կողմից ծաղիկներ և երկտողեր են դրված:
Սմալենբուրգների ընտանիքը զոհվել է ամբողջ կազմով՝ ամուսինը, կինը, նրանց որդին ու դուստրը, իսկ վերջիններիս 19-ամյա հարևանը՝ հոկեյի օլիմպիական ակումբի անդամ Քվին Շանսմանն իր ծնողների մոտ հանգստի էր մեկնում: Մաստենբրոքների ընտանիքը՝ հայրը, մայրը և 17-ամյա որդին, Բալի կղզի էին մեկնում հանգստանալու:
3-րդ ընտանիքը՝ Ջոն Ալենը և նրա կինն ու երեք երեխաները, նույնպես հանգստանալ էին ցանկանում:
Malaysian airlines ավիընկերության՝ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող Boeing 777 ինքնաթիռը վթարի է ենթարկվել հուլիսի 17-ին՝ Դոնեցկի տարածաշրջանում: Օդանավում 298 ողևոր է եղել, այդ թվում՝ 85 երեխա և անձնակազմի 15 անդամ:Նրանք բոլորն էլ զոհվել են:










