Financial Times-ի հրապարակած լուսանկարով կարող է ապացուցվել, որ մալայզիական ինքնաթիռը հրթիռով է խփվել
Բրիտանական The Financial Times պարբերականը լուսանկար է հրապարակել, որն անվանել է առաջին համոզիչ ապացույցն այն բանի, որ Boeing 777 մալայզիական ինքնաթիռը խփվել է «երկիր-օդ» տիպի հրթիռով:
Պարբերականը նշում է, որ երկուշաբթի փորձագետները հաստատել են, որ ինքնաթիռի կմախքի վրա հայտնաբերվել են կոտորակառումբի (шрапнель) պայթյունից վնասվելու հետքեր:
Լուսանկարում պատկերված է խփված ինքնաթիռի մաս, որի մեջտեղում անցք է առաջացել և որը շրջապատված է այրման ակնհայտ հետքերով, գրում է պարբերականը:
Այդ բեկորը հայտնաբերվել է Պետրոպավլովկայի բնակիչներից մեկի միջոցով՝ տներից մեկի բակում: Դրանից հետո այն դուրս է բերվել ճամփեզր, քանի որ կարևոր է համարվել:
Լոնդոնից երկու ռազմական վերլուծաբան և նախկին օդաչու, ծանոթանալով լուսանկարին, հաստատել են, որ վնասվածքը կարող է հասցված լինել հրթիռի միջոցով:
«Հանգստյան օրերին արևմտյան հետախուզական ծառայություններն ապացույցներ են հավաքել, որոնք հաստատում են Ուկրաինայի հայտարարություններն այն մասին, որ 298 մարդկանցով ինքնաթիռը խփվել է սխալմամբ՝ ռուսամետ անջատողականների կողմից՝ ռուսական SA-11 հրթիռով, որն արձակվել է Բուկ զենիթահրթիռային համակարգից»,-գրում է թերթը:










