Մահացել է Գերմանիայի ամենահարուստ մարդը
Կյանքի 95-րդ տարում մահացել է Գերմանիայի ամենահարուստ մարդ և Aldi ցանցի հիմնադիր Կարլ Ալբրեխտը, գրում է korrespondent.net-ը:
Նա մահացել է դեռևս հուլիսի 16-ին Էսսենում գտնվող իր առանձնատանը, սակայն նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն հուղարկավորության պատճառով, որը տեղի է ունեցել հուլիսի 21-ին նեղ շրջանակում:
Մանրածախ ցանցի երկու հիմնադիր եղբայրներից վերջինը, Forbes ամսագրի գնահատմամբ, թողել է 25 միլիարդ դոլարի կարողություն:
Նրա եղբայրը՝ Տեո Ալբրեխտը, մահացել է 2010 թվականին 89 տարեկանում:
Եղբայրների բիզնեսը սկսվել է ծնողների մթերային խանութից: Սակայն ապահովելով ցածր եկամտով մարդկանց կարիքների համար նախատեսված առևտրի բարձր շրջանառություն՝ ընտանեկան բիզնեսը դարձավ աշխարհի ամենախոշոր մանրածախ ցանցերից մեկը, որն աշխարհագրորեն բաժանվեց եղբայրների միջև՝ հարավային և հյուսիսային Aldi:
Երկու եղբայրները խիստ գաղտնի փակ կյանք էին վարում՝ խուսափելով լրագրողներից:










