Մենք հիմնովին փոխել ենք մեր մոտեցումը ՌԴ-ի հետ հարաբերություններում. Նիդերլանդների վարչապետ

23:33 • 22.07.14

Ուկրաինայում տեղի ունեցած ավիավթարից հետո Նիդերլանդները հիմնովին փոխել է իր  մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 22-ին Հաագայում անցկացված մամլո ասուլիսում հայտնել է Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն:


«Բրյուսելում այսօր անցկացվում է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը` կապված մեր հետագա գործողությունների հետ: Այս փուլում մենք ոչ մի տարբերակ չենք բացառում: Մենք արդարություն ենք ուզում, որ ԵՄ-ն միասնական լինի իրավիճակի շուրջ իր վերաբերմունքում, և ցանկանում ենք, որ Ռուսաստանը ավելի շատ ջանքեր գործադրի Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման համար»,- ասել է Ռյուտեն:


Վարչապետի խոսքով` իրենց վերաբերմունքը փոխվել է անցյալ հինգշաբթի տեղի ունեցած վթարից հետո: ՌԴ-ի հետ հարաբերություններում այժմ քննարկվում են ազդեցության բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում` տնտեսական և քաղաքական բնույթի:

 

Հիշեցնենք, որ մալայզիական Boeing 777 օդանավը հրթիռակոծման հետևանքով կործանվել է Ուկրաինայի արևելքում` հուլիսի 17-ին՝ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչելիս: