Իսրայելցի նախարարն էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին
Իսրայելի փոխադրումների նախարար Իսրայել Կացն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում վերջինս Իսրայելին մեղադրել էր պաղեստինցիների «սիստեմատիկ ցեղասպանության» համար, հայտնում է Asbarez-ը:
Facebook-ի իր էջում արած գրառմամբ Կացն Էրդողանին հիշեցրել է 1915-ի Հայոց ցեղասպանության մասին, երբ մեկուկես միլիոն հայ էր սպանվել:
«1915-ին թուրքերը մեկուկես միլիոն հայ են կոտորել, իսկ նա դեռ մե՞զ է մեղադրում ցեղասպանության համար, մեզ, որ պայքարում ենք իսլամական շարժման մեջ նրա ընկերների հետ: Ո՞վ է ուզում շփվել նման անձնավորության հետ», - գրել է Կացը:
Արդեն երրորդ շաբաթն է` Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, ինչի հետևանքով կան հարյուրավոր անմեղ զոհեր: Էրդողանի հայտարարությունը, որն իրեն դիրքավորում է իբրև բոլոր մուսուլմանների առաջնորդ և հանդես գալիս հանուն պաղեստինցիների իրավունքների, հնչել է այս համատեքստում: Նա նշել էր, որ Իսրայելը ոչ խիղճ ունի, ոչ արժանապատվություն, ոչ հպարտություն: Այնուհետև Իսրայելը համեմատվել էր Հիտլերի հետ:










