ՌԴ-ն չէր ենթարկվի. ՀԱԿ անդամը բացառում է Ադրբեջանի գործոնը Լևոն Հայրապետյանի ձերբակալության հարցում

21:37 • 22.07.14

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանը չի ընդունում հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հարցով առաջ քաշված վարկածը, թե այդ գործում դեր ունի Արդբեջանը։

«Իրականում չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, ինֆորմացիայի պակաս կա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ազդեցության վերաբերյալ հայտարություններին՝ կարծում եմ, որ շատ վիրավորական է Ռուսաստանի համար հայտարարել, թե Ռուսաստանը ենթարկվում է ադրբեջանական գործոններին: Ես,  օրինակ, ձեռնպահ կմնայի նման պնդումներից»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամը։ 


Ըստ Վլադիմիր Կարապետյանի՝ավելի հավանական է այն տարբերակը, որ Լևոն Հայրապետյանին ձերաբակալելով՝ ՌԴ իշխանությունները ՀՀ իշխանություններին են մեսիջ հղում։

«Ինձ համար ավելի տեսանելի է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ։ Լևոն Հայրապետյանը ղարաբաղյան ծագում ունի. կարծում եմ՝ սա որոշակի հետևանք ունեցավ, և դրանով Ռուսաստանն ուզում է ուղերձ հղել մեր իշխանություններին»,-ասաց նա։ 


Նա նկատեց, որ շուտ է ենթադրություններ անել այդ գործով, պետք է սպասել, թե ինչ պաշտպանական տակտիկա կորդեգրի Լևոն Հայրապետյանը։

«Սակայն ակնհայտ է այն, որ սա բավականին աղմկոտ ձերբակալություն է և վերաբերում է մեկին, ով ակտիվ է ԼՂ-ում, և մենք չենք կարող անտեսել այդ հանգամանքը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի՝ մեր իշխանությունների հետ նախկին հարաբերություններն այլևս չկան, Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է, և միգուցե դրանով է պայմանավորած Հայրապետյանի ձերաբակալությունը»,-եզրափակեց նա։