ԵՄ-ն Ուկրաինա ոստիկանական առաքելություն կուղարկի
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում նիստի ժամանակ հավանություն են տվել Ուկրաինա ոստիկանական առաքելություն ուղարկելու մասին որոշմանը` ԵՄ պաշտպանության և անվտանգության համատեղ քաղաքականության շրջանակներում, հաղորդում է Интерфакс-Украина-ն՝ հղում անելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությանը:
Հաղորդագրության համաձայն՝ նախարարները, մասնավորապես, հավանություն են տվել երկու որոշման՝ հասարակական անվտանգության ոլորտում բարեփոխումների հարցերով հատուկ խորհրդատվական առաքելություն ուղարկելու, ինչպես նաև այդ առաքելության կարգավիճակի մասին Ուկրաինայի հետ բանակցությունների մասին որոշումներին:
Ինչպես նշել են Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունից, առաքելությունը բաղկացած կլինի ոստիկանության և դատական համակարգի քաղաքացիական ներկայացուցիչներից, որոնք կնպաստեն Ուկրաինայում անվտանգության վերանայված ռազմավարության մշակմանը և այդ ոլորտում բարեփոխումների արագ իրականացմանը:
Առաքելության գլխավոր գրասենյակը կլինի Կիևում:
Բացի այդ, նախարարները հաստատել են 2,68 միլիոն եվրոյի չափով բյուջեն առաքելության աշխատանքի սկզբնական շրջանի համար: Ընդհանուր առմամբ` առաքելության մանդատը նախատեսված է երկու տարով:










