Սաակաշվիլիի կուսակցությունն ամոթալի է որակել Վրաստանի իշխանությունների արձագանքը մալայզիական ինքնաթիռի կործանմանը

17:22 • 22.07.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը երկրի կառավարությանը մեղադրել է Ուկրաինայի արևելքում մալայզիական ինքնաթիռի կործանմանը «ոչ ադեկվատ և ամոթալի» արձագանք տալու համար, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը:

 

Malaysia Airlines-ին պատկանող Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնելիս էր եղել Ամստերդամ-Կուալա Լումպուր թռիչքը, կործանվել էր հուլիսի 17-ին:


«Վրաստանի գլխավոր դաշնակից երկրների ղեկավարները՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ժողովրդավար աշխարհի այլ առաջնորդներ խոսում են ՌԴ-ի ուղղակի պատասխանատվության մասին, սակայն Վրաստանի իշխանությունները համառորեն խուսափում են ՌԴ-ին որևէ կոնտեքստով հիշատակել, և խոսում են «ավիավթարի», «ինքնաթիռի ընկնելու» մասին»,- հայտարարել են Սաակաշվիլիի կուսակցությունից: