Թուրքիայում ձերբակալվել է 55 ոստիկան` ապօրինի գաղտնալսման կասկածանքով
Թուրքիայում լայնածավալ հատուկ գործողության արդյունքում գիշերը ձերբակալվել է ոստիկանության 55 աշխատակից, այդ թվում` անվտանգության շրջանային վարչությունների բաժինների ղեկավարներ, գրում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես հաղորդում է տեղական հեռուստատեսությունը, գործողությունն անցկացվել է երկու փուլով` միաժամանակ պետության 25 շրջաններում:
Ձերբակալություններն իրականացրել է Անվտանգության գլխավոր վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը:
Միայն Ստամբուլում ձերբակալվել է 30 մարդ:
Հաղորդվում է, որ հատուկ գործողության համար հիմք է ծառայել տեղեկությունը, որ ստացել են քննիչները Թուրքիայի քաղաքացիների, այդ թվում` կառավարության անդամների հեռախոսազրույցների անօրինական գաղտնալսման մասին գործով: Գաղտնալսմամբ զբաղվել են ոստիկանության ներսում գործող «Սելյամ Թաուհիդ» գաղտնի կազմակերպության անդամները: Այդ կառույցը կասկածվում է 2,2 հազարից ավելի մարդու հեռախոսային բանակցությունների անօրինական ձայնագրման համար: Այդ մարդկանց մեջ կան քաղաքական գործիչներ, լրագրողներ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:
Ձերբակալվածները կասկածվում են անձնական կյանքի, քննության գաղտնիությունը և անձնական ունեցվածքի անձեռնմխելիությունը խախտելու, պաշտոնական փաստաթղթեր և ապացույցներ կեղծելու համար:










