Եզդիական վեց գյուղում դասավանդվում է քրդերեն. Ազիզ Թամոյան
Հայաստանի եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը կարծում է, որ Հայաստանում իրենց համայնքը միայն մի խնդիր ունի: «Արագածոտնի մարզի վեց գյուղում դասավանդվում է քրդերեն, թեև քրդեր գոյություն չունեն այդ գյուղերում: Չպետք է թույլ տալ, որ եզդիական գյուղերում երեխաներին քրդական կրոն ուսուցանեն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ավելացրեց, որ իրենք ունեն իրենց պատմությունը, կրոնը, ավանդույթները:
Մնացած հարցերում, նրա խոսքով, մեր իշխանությունները շատ բարի են իրենց նկատմամբ:
«Ես դիմել եմ, որպեսզի հանձնաժողով ստեղծեն և տեղում համոզվեն, որ այնտեղ քրդեր չկան: Քրդերը Արագածոտնի մարզի այդ տարածքը քարտեզագրել են, թե իբր՝ այն համարվում է քրդական վարչական տարածք: Սակայն քրդեր այնտեղ չեն ապրել, եզդիներ են եղել, ինչպե՞ս կարող է համարվել քրդական տարածաշրջան»,-ասաց նա:
Tert.am-ը ԿԳՆ-ից փորձել ճշտել, թե իսկապե՞ս այդ գյուղերում միայն եզդիներ են ապրում, և ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ ըստ մարզպետարանի տրամադրած տեղեկության՝ այդ գյուղերում ապրում են եզդիներ և քրդեր։
Զրուցեցինք նաև Արագածոտնի մարզպես Սարգիս Սահակյանի հետ, ով նշեց, թե դպրոցի խորհուրդն է որոշում, թե ինչ լեզվով պետք է դասավանդել՝ քրդերե՞ն, թե՞ եզդիերեն։ «Ես չեմ ցանկանում, որ որևէ մեկը խառնվի իրենց ներքին գործերին»,-ասաց նա։
Մարզպետն ասաց, որ չգիտի՝ այդ գյուղերում ապրու՞մ են քրդեր, թե՞ ոչ, քանի որ նրանց մի մասն իրենց բնութագրում է քուրդ, մի մասը՝ եզդի։
«Երկու լեզվով ուսուցումն էլ ԿԳՆ-ի կողմից արտոնված է, և մենք այդ խնդիրը թողնում ենք դպրոցի խորհրդի հայեցողությանը»,-հավելեց նա։










