ՀՀ–ում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ծնունդների ու մահերի թիվն աճել է
2014թ-ի առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 19 հազ. 401 երեխա, իսկ մահացել 14 հազ. 929 մարդ, այսինքն՝ բնական հավելաճը կազմել է 4 հազ. 472 մարդ: Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված 2014 թվականի հունվար-հունիսին ցուցանիշների համաձայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդները աճել են 599-ով, իսկ մահերն ավելացել 619-ով:
Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Երևանում ծնվել է 7 481 մարդ, իսկ մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Կոտայքում՝ 1 720, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 313:
Վեց ամիսների ընթացքում արձանագրված մահերից 4 844-ը գրանցվել են Երևանում, իսկ մարզերից ամենաշատ մահերը գրանցվել են Լոռիում՝ 1 552:
Ինչ վերաբերում է մահերի պատճառներին, ապա դրանց գերակշռող մասը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են՝ 7 469 մահ, այնուհետև նորագոյացությունները՝ 2 847, շնչառական օրգանների հիվանդություններ՝ 986 և այլն:
Նշենք, որ գրանցված մահերի թվում 0-1 տարեկան մահերը կազմել են 176: ԱՎԾ-ն տեղեկացնում է, որ 2014թ. հունվար-հունիսին 2013թ. հունվար-հունիսի համեմատ, արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում` 4.9%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը 1 000 կենդանի ծնվածի հաշվով կազմել է 9.1 %` 2013թ. նույն ժամանակաշրջանի 9.8%-ի համեմատ:










