Շատ ենք դարձել անձապաստան ու մեր պատմական հողը չենք կարողանում հայրենիք ձևակերպել. Մ. Տեր-Գուլանյան

16:19 • 31.07.14

Պետրոս Մեծը նվաճեց ուրիշների տարածքները`Ռուսաստանի սահմանները հասցնելով մինչև սիբիրներ, բայց այդ ամբողջ տարածքը հայրենիք դարձրեց Լև Տոլստոյը. Tert.am-ի հետ զրույցում հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը մեջբերեց հայտնի գրող Հրանտ Մաթևոսյանի խոսքերը։ Նրա խոսքով, հայ ազգը դարձել է «անձապաստան», այսինքն՝ անձի մեջ է ապաստանվել, ամեն մեկն իր տուն է մտել, իր պատյանի մեջ։


«Մենք ազատագրեցինք մեր սրբազան հայրենիքը, որը նաև շատ լավ գիտեն հենց ադրբեջանցիները, ես առիթ ունեցել եմ խոսել նույն ադրբեջանցի գրողների հետ, ովքեր առանձին զրույցներում համաձայնվում են, որ Արցախն իրենցը հողը չէ։ Հիմա մենք դա գիտենք, ու եթե Պյոտր Մեծի նվաճած հողերը ռուս գրողները դարձրեցին հայրենիք, մենք մինչև այսօր մեր իսկ սեփական հարազատ տարածքները չենք կարողանում հայրենիք ձևակերպել։ Խոսքս մտավորականության, հոգևորականության մասին է, հոգևոր գործով զբաղվողների մասին է։ Ինչ-որ անիմաստ մոտիվներ ենք քննարկում՝ իրական նյութը թողած»,-նշեց նա։


Մերուժան Տեր-Գուլանյանը խոստովանում է՝ սահմանին լարվածության և արտագաղթի շրջանում երկրի երևելիները չպետք է պասիվ դիրք գրավեն. «Պատասխանատվությունը և՛ մտավորականների, և՛ հոգևորականների առաջ այսօր շատ մեծ է։ Այո, դժվար վիճակում ենք ապրում՝ սկսած սահմանին լարվածությունից, ավարտած արտագաղթով։ Մտավորականն ու հոգևորականն առաջին դրոշակակիրը պետք է դառնան, եթե համարում ենք այս երկրի զավակը՝ անկախ նրանից մամուլի որոշ օրգաններ մեզ կփառաբանեն, թե՞ կհայհոյեն»։


Տեր-Գուլանյանը օրինակ բերեց, որ շատ թե քիչ հայտնի մարդիկ խուսափում են մամուլի հետ շփումներից, քանի որ վախենում են մի բառ ավել կամ պակաս ասել։ «Ես շատ լավ ընկերներ ունեմ, որոնք իսկապես ասելիք պետք է ունենան, բայց երբ նրանց հրավիրում են ինչ-որ մամուլի ակումբից, գնում եմ, տեսնում՝ հրաժարվել են գալ։ Հարցնում եմ «ինչո՞ւ հրաժարվեցիր, չեկար», ասում է՝ «ով հավես ունի, որ ինչ-որ բան ասելուց հետո մամուլը վրաս հարձակվի»։ Զարմանալի զգուշավորություն կա մեր մտավորականության մեջ այսօր»,-ընդգծեց նա և շեշտեց, թե չպետք է մոռանալ, որ ժամանակին նույն Հովհաննես Թումանյանի, Չարենցի, Տերյանի, Թամանյանի վրա են եղել հարձակումներ, բայց պատմությունը ցույց է տվել, թե ովքեր են հայրենիքի ցավով փորձել ապրել։


Մերուժան Տեր-Գուլանյանը հասկանում է՝ խնդիրն իրեն էլ է վերաբերվում, բայց խոստովանում է՝ կազմակերպչական հարցերում ինքը չկա, բայց մասնակցություն կարող է ունենալ ցանկացած ազգային նախաձեռնությանը։ «Ես այն անձը չեմ, որ կազմակերպություն ստեղծեմ, այդ հարցերում չկամ, բայց ակտիվ կարող եմ մասնակցել։ Պետք է հավաքվել, Հայաստանով պտտվել մինչև Արաքսի ափ, նկատի ունեմ նաև ԼՂՀ ազատագրված տարածքները, մենք պետք է գնանք սահմանին մարդ տեսնենք։ Սահմանին ապրող մարդը, որ տեսնում է քիչ թե շատ երևելիներից մեկն իրենց հիշում է, եկել է իրեն հարցնելու, թե ո՞նց ես, նա ավելի ապահով կզգա իրեն, չի մտածի անտեսված է ու գնա, այլ կմտածի, որ իրենով հետաքրքրված են։ Ոչ թե սոսկ պետք է հայտարարություն անենք, թե մի արեք այս բանը, դրանք բոլորը դատարկ բաներ են, այլ հստակ օր պետք է որոշել, պարտադիր է ընդամենը տեղում խոսք ասել, նստել, խոսել, հոգսերն իմանալ ու այդ հոգսերը գալ իշխանությունների առաջ բարձրացնել և այդ ամենը հեռուստատեսությամբ ցույց տալ»,-ասաց նա և նշեց, թե իրենք ոչ միայն ժողովրդին են մենակ թողել, այլ նաև երկրի իշխանություններին՝ ասելով, թե իրենց գործն է, թող գնան՝ անեն։


Ըստ մտավորականի՝ բացի սահմաններ այցից, պետք է Սփյուռքի ու ջավախահայության ուժերը համատեղել։ «Եթե 1915թ-ին հնարավոր էր կազմակերպել, վիրավոր որբերին հավաքել, այն օրերին եթե հնարավոր էր, ո՞նց կարող է այսօր հնարավոր չլինել, ի՞նչ է պատահել մեզ։ Ուղղակի մի տեսակ շատ ենք դարձել անձապաստան, այսինքն՝ անձի մեջ ապաստանվել, ամեն մեկն իր տուն է մտել, իր պատյանի մեջ, իր համակարգիչը, մինչդեռ մեր երկիրը մեր կարիքն ունի»,-եզրափակեց նա։