Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլևս իրականություն են. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունները դարձել են իրականություն, փոխանցում է comments.ua-ն։
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն իրականություն են։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ դա ցանկանում է պատգամավորներից, քաղաքական գործիչներից կամ պաշտոնյաներից որևէ մեկը։ Այլ այն պատճառով, որ ուկրաինացիների 80%-ն է պահանջում դա»,- ասել է Պորոշենկոն՝ նշելով, որ դա, միևնույն ժամանակ, չպետք է խոչընդոտի իշխանության ճյուղերի արդյունավետ աշխատանքին։
«Այսօր դա մեր համատեղ պատասխանատվության հարցն է։ Եվ, իհարկե, այսօր ոչ մեկի համար էլ հեշտ չէ. ո՛չ վարչապետի, ով իր վրա է վերցնում պատասխանատվության մեծ բաժինը, ո՛չ խորհրդարանականների և յուրաքանչյուր պատգամավորի, ո՛չ նախագահի համար։ Սակայն առավել դժվար է այսօր ուկրաինացիների համար, ովքեր պաշտպանում են իրենց երկիրը»,- նշել է նախագահը։
Պորոշենկոն հայտարարել է նաև, որ Ուկրաինայի իշխանությունները յուրաքանչյուր օր 70 մլն գրիվեն (ավելի քան 5.8 մլն դոլար) են ծախսում երկրի արևելքում հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար:










