Ձվի արտադրությունը 15-18 տոկոսով նվազել է. թռչնաբույծների միության նախագահ

22:09 • 31.07.14

Շոգ եղանակին բնակչության մոտ ձվի սպառումը նվազում է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ նշելով, որ տարվա այս սեզոնին 15-18%-ով նվազել է ձվի արտադրությունը:

«Սա նշանակում է, որ ձվի սպառումը նվազում է: Տարիներ շարունակ այսպես է, և այս ժամանակահատվածում մենք սերնդափոխություն ենք անում, որպեսզի սեպտեմբերին նոր վառեկներ ունենանք»,-նշեց Սերգեյ Ստեփանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ձվի արտադրության և սպառման խնդիրներին:

Նրա խոսքով՝ Հայաստանից ձու չի արտահանվում. վերջին անգամ Հայաստանից 2010 թվականին է  ձու արտահանվել Վրաստան:


Ներկրում վերջին անգամ եղել է 2014 թ. հունվար-փետրվարին՝ Ուկրաինայից:
Թռչնաբույծների միության նախագահն ասաց, որ անցած ամսվա ընթացքում ձվի գնի իջեցում արդեն եղել է:

«Անցած ամսվա ընթացքում մեզ մոտ ձվի բացթողնման գինը իջավ մինչև ինքնարժեք՝ միջինը 40 դրամով էր բացթողում կատարվում, վաճառքը 60 դրամից չի անցել: Հիմա էլ չի անցնում, մեկ-մեկ կարող է 65 դրամով ձու տեսնեք»,-տեղեկացրեց Սերգեյ Ստեփանյանը: