Մենք հաշտ, համերաշխ ապրում ենք մեր գյուղացիներով, դու´ք եք խնդիր սարքում. Քասախի գյուղապետը բորբոքվեց
Կոտայքի մարզի Քասախ գյուղի գյուղապետը տեղյակ չէ, թե գյուղում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու առումով ՀՀ Կառավարությունն ինչ կորոշի:
«Կառավարությունը պիտի որոշի, ինչի՞ եք տենց առաջ ընկել, իրարանցում սարքել, ես չգիտեմ՝ Կառավարության որոշումը երբ կլինի, ինչ կլինի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների բոյկոտի պատճառով գյուղում ավագանու նոր ընտրություններ պետք է լինեն:
Հարցին՝ արդյո՞ք խնդիրներն այնքան սուր են, որ նոր ընտրություններ անցկացնելու կարիք է առաջացել, գյուղապետը պատասխանեց. «Ո´չ մի խնդիր չկա, մենք հաշտ, համերաշխ ապրում ենք մեր գյուղացիներով, դու´ք եք խնդիր սարքում»:
Իսկ դիտարկմանը, թե թերթին ասել է, որ արդեն մեկ տարի է՝ փորձում են այնպես անել, որ գյուղապետին անվստահություն հայտնեն, Արա Մկրտչյանը պատասխանեց, թե դրանք թերթի իմպրովիզներն են:
«Այսինքն՝ նման բան չե՞ք ասել» հարցին հետևեց պատասխանը. «Լսե´ք, դուք ուրիշ զբաղմունք ունե՞ք: Զբաղվեք ուրիշ գործով, հա՞, ես ձեզ խնդրում ու խորհուրդ եմ տալիս: Ո´չ մի հարցի չեմ պատասխանի, որովհետև ես արձակուրդում եմ, հանգստանում եմ:
Իսկ թե կա՞, արդյոք, փոխարինող մեկը, ով գյուղապետի բացակայության ընթացքում կպատասխանի գյուղին առնչվող հարցերին, բորբոքված գյուղապետն ասաց. «Էդ քեզ ա թվում, թե պատվերավ համերգ ա էստեղ: Էս համարով էլ չզանգեք»:
Հիշեցնենք, որ թերթի հետ զրույցում Քասախի գյուղապետ համայնքում առկա իրավիճակը նկարագրել էր հետևյալ կերպ. «Ավագանու անդամներից հինգը ԲՀԿ-ական է եղել, իսկ մյուս հինգը՝ ՀՀԿ-ական: Մեկ տարի է, ինչ պարալիզացված է մեր համայնքի աշխատանքը: Շատ անգամ գնացել, խնդրել, պաղատել եմ, թե՝ եկե´ք, աշխատե´ք, ինչ որ առաջարկում ենք, դրեք՝ քննարկեք և այլն: Չեկան ու՝ վերջ: Իրենց նպատակն էր՝ մեկ տարի ձգել ու հետո անվստահություն հայտնել ինձ, բայց մուրազները մնաց իրենց փորում»:










