Տավուշի մարզպետը Կարմիր գրքում գրանցված գորշ արջերը պահում է վերարտադրության համար
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը վստահ է, որ ինքն օրենք չի խախտում՝ վանդակում Կարմիր գրքում գրանցված գորշ արջեր պահելով։ Tert.am-ի հարցին՝ «ինչպե՞ս կմեկնաբանեք «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարկումը, որ մարզպետի հոբբին արջեր պահելն է, այն էլ՝ օրենքի խախտումով», Հովիկ Աբովյանը հակիրճ պատասխանեց. «Կառավարության 725-Ն որոշմամբ թույլատրվում է վերարտադրության համար»։
Մարզպետը չպատասխանեց մեր մյուս հարցերին, թե, օրինակ, մարզպետի ծննդավայր Կողբի անտառում գտնվող առանձնատան բակում պահվող արդեն քանի՞ արջ է վերարտադրվել։
Նշենք, որ Կառավարության 2009թ. հունիսի 27-ի 725-Ն որոշման համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք անազատ և կիսաազատ պայմաններում պահում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, իրավունք ունեն դրանք օգտագործել միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով, այն էլ՝ նրանց համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելով:
Հիշեցնենք, որ թերթը գրել էր, որ բնապահպանության նախարարությունը «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանին գրավոր տեղեկացրել է, որ մինչ օրս ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու համար թույլտվություն ստանալու դիմում չի ներկայացվել նախարարություն, և եզրակացրել, թե դա նշանակում է, որ Տավուշի մարզպետի կողմից գորշ արջերին անազատության մեջ պահելն օրինական չէ։










