Պետք է ՍԴ-ում բողոքարկել նպատակային սոցիալական վճարի մասին օրենքի ողջ փաթեթը. Արծվիկ Մինասյան

18:00 • 01.08.14

Ըստ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ անհրաժեշտ է Սահմանադրական դատարանում բողոքարկել հունիսի 21-ին Ազգային ժողովի կողմից ընդունված նպատակային սոցիալական վճարի մասին օրենքի ողջ փաթեթը: 

«Սոցիալական նպատակային վճարը, որ փոխարինեց կուտակային կենսաթոշակներին, որևէ բան չի փոխել։ Այնքանով, որքանով սեփականության իրավունքը սահմանափակված էր այն ժամանակ, նույնը շարունակվում է հիմա: Այս վճարն իր մեջ պարունակում է լուրջ խտրականության տարրեր՝ ոչ միայն տարիքից կախված, այլ նաև ոլորտներով: Հանրային ծառայության մեջ գտնվող անձինք ներգրավվում են համակարգում, ինչն աբսուրդ է: Երբ քննարկվում էր օրենքի նախագիծը, ասացինք, որ չի կարելի է հանրային սեկտորին պարտադրել մի բան, որ չի ցանկանում, իսկ եթե պետությունը ցանկանում է, որպեսզի այս անձինք լրացուցիչ պաշտպանական համակարգ ունենան, կամավորության սկզբունք պետք է գործի»,-ասաց պատգամավորն այսօր «Ազատության» ռադիոկայանի Facebook-յան ասուլիսին: 

Օգտատերերից մեկի հարցին, թե արդյո՞ք ՍԴ դիմելու հարցը քննարկվել է խորհրդարանական ոչ իշխանական քառյակի շրջանակում, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ ուզում մանրամասնություններ հրապարակել: Պարզապես ասեմ, որ նախնական քննարկումներով որոշվել էր, որ պետք է դիմենք դատարան, բայց հաշի առնելով մեր գործընկեր խմբակցությունների ներկայացուցիչների հայտարարությունները, որոշակի տարակուսանք պահպանվում է: Բայց մենք փորձելու ենք մեր գործընկերներին ոչ թե համոզել, այլ հիմնավորել, որ պետք է բողոքարկել, թեկուզ այն պատճառով, որ սա մի պայքար է, որը չի նախատեսում րոպեական հաջողություն»,-ասաց Արծվիկ Մինասյանը: 

Դիտարկմանը, թե ՍԴ-ն հայտարարել է, որ մոնիտորինգի է ենթարկելու իր որոշման կատարման ընթացքը. արդյո՞ք այս հանգամանքը որևէ ազդեցություն չի ունենա, Արծվիկ Մինասյանը նշեց, որ դա իրավական պահանջ չի ենթադրում:

«Մոնիտորինգի արդյունքով ոչինչ չի պարտադրվելու որևէ մարմնի, հետևաբար իրավական հիմքը ստեղծելը անհրաժեշտություն է: Անհրաժեշտ է ունենալ ՍԴ որոշում: Պետք է բոլորը միանան այս պայքարին: Երբեք չպետք է մտածել, որ գործող օրենքը վերջնական է, պետք է պայքարել անգամ խրթին ձևակերպումների դեմ»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ եթե հաջողվի քառյակին համախմբված դիմել ՍԴ, ապա պայքարը, թեժ վիճակում պահելով հանդերձ, զուգահեռաբար օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան: