Ուկրաինայում՝ Boeing-ի կործանման վայրում, սպանվել է 10 զինվոր. BBC
Ուկրաինայի արևելյան շրջանի ռուսամետ անջատողականները մալայզիական Boeing 777 ինքնաթիռի կործանման վայրում դարանակալել են կառավարական զորքերի խմբին՝ սպանելով առնվազն 10 զինվորի։
Ինչպես հայտնում է BBC-ն, այս տեղեկությունը հաստատել է ուկրաինական բանակի խոսնակը՝ հավելելով, որ միջադեպի նախօրեին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 20 զինվոր։
Անջատողականներն իրենց հերթին հավելել են, որ 10 զինվորից բացի իրենք ոչնչացրել են բանակին պատկանող 30 մեքենա՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ։
Աղբյուրը նշում է, որ 70 հոլանդացի ու ավստրալացի դատական փորձագետներից բաղկացած թիմն արդեն ժամանել է ինքնաթիռի կործանման վայր։ Հիշեցնենք, որ մալայզիական ինքնաթիռը կործանվել էր ռուս-ուկրաինական սահմանին՝ հուլիսի 17-ին։ Դրանում եղել է 298 մարդ. նրանցից ոչ մեկին չի հաջողվել փրկվել։










