Արտասահմանցի փորձագետների ավտոշարասյունն ուղևորվել է մալայզիական օդանավի աղետի վայր
14 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը, որում հոլանդացի և ավստրալացի փորձագետներ են, ուղևորվել է Դոնեցկի շրջան, որտեղ կործանվել էր մալայզիական օդանավը, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ի հատուկ առաքելության խոսնակ Մայքլ Բոչուրկիվի Twitter-ում արած գրառումը:
Նրանց հետ են նաև ԵԱՀԿ-ի առաքելության փորձագետներ:
Նախօրեին փորձագետները և դիտորդները հինգ օրվա մեջ առաջին անգամ կարողացել էին մտնել դեպքի վայր: Սակայն մերձակայքում շարունակվող դիմակայության պայմաններում փորձագետներն ընդամենը ժամուկես էին եղել դեպքի վայրում:
Հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում կործանվել էր ուղևորատար Boeing 777-ը, որն իրականացնում էր Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը: Զոհվել էր 298 մարդ, որոնցից 85-ը՝ երեխաներ:
Կիևը կատարվածի համար մեղադրում է անջատողականներին: Վերջիններս հերքում են, թե նման տեխնիկական հնարավորություն ունեն: Վերջնական պատասխանն ակնկալվում է փորձագետների աշխատանքից:
Նույն առիթով «Ռոսբալթը» հայտնում է, որ Մալայզիայում սգո օր է հայտարարվելու այն օրը, երբ տեղ կհասնեն օդանավի աղետի մալայզիացի զոհերի մարմինները:










