Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տեքստը կհրապարակվի հոկտեմբերին. Գևորգ Դանիելյան
ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի պատրաստման վերջնաժամկետը հոկտեմբերն է: Հոկտեմբերի սկզբին արդեն նախագիծը կքննարկվի նաև Վենետիկի հանձնաժողովի մասնագետների մասնակցությամբ, և արդեն վերջնական տեքստ կհրապարակվի: Այս մասին Tert.am-ին փոխանցեց արդարադատության նախկին նախարար, ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:
«Քննարկումները միայն մի աշխատակարգային խնդիր էր, մենք մարզայինին զուգահեռ նաև քննարկումներ ենք անում այլ լսարաններում, և հիմա քննարկումները շարունակվում են»,-ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք մարզերում նախագծի շուրջ հետաքրքրություն կա, Գևորգ Դանիելյանը պատասխանեց. «Մասնակցում էին ոչ միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, այլ հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Հետաքրքրություն, իհարկե, կար: Միշտ էլ կա ինչ-որ մի հատված, որն ընդհանրապես հետաքրքրված չէ, բայց դա սխալ է տարածել ամբողջ հանրության վրա»:
Հանձնաժողովի անդամը նաև նշեց, որ առանձին կառույցներ իրենք են խնդրում հանդիպումներ. «Մեծ հետաքրքրություն, որ բոլորը շատ ուզում են ծանոթանալ, չկա, իսկ մյուս կողմից, որ բացարձակապես չկա հետաքրքրություն, դա էլ է ծայրահեղություն»:










