Մենք լավ հասկանում ենք, թե այսօրվա քաղաքացին ինչ մեծ դժվարություններով է ապրում. Վ. Էնֆիաջյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը «Ո՛չ թալանին» թիմի նախաձեռնած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ ներկայացուցիչները մի քանի անգամ հարցապնդումներ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, սակայն սպառիչ պատասխան չեն ստացել։
«Մեզ համար սա հիմնավոր ձեռնարկ չէ, և փաստացի մեկ տարվա կտրվածքով շուրջ 40 տոկոսով էլեկտրաէներգիայի թանկացում է ստացվում։ Մենք լավ հասկանանում ենք, թե այսօրվա քաղաքացին ինչ մեծ դժվարություններով է ապրում, և այսօր մասնակցում ենք այս նախաձեռնությանը՝ զորակցելով և ցույց տալով, որ մենք այս գաղափարներին կողմնակից ենք»,-ասաց նա և ավելացրեց, որ ԲՀԿ-ն ևս այդ հարցին առնչվող տարբեր միջոցառումներ է կազմակերպել։
Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ Կառավարության շենքի մոտ քաղաքացիներից մեկի բողոքին, թե վաղվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, և ինչպե՞ս է ինքը վճարելու իր ցածր թոշակով, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պատասխանին՝ «Մի կերպ պիտի մուծեք»:
«Եթե այսօր մենք ամրագրում ենք, որ ՀՀ-ում 35 տոկոսից ավելի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ շուրջ 40 տոկոսի հասնող աղքատություն կա, ուրեմն՝ մի կերպ մուծելու մասին ավելորդ է խոսել»,-ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամը և ավելացրեց, որ էլէներգիայի սակագնի թանկացումն իր հետ բերելու է թանկացումների մեծ շղթա, ինչը մեր իրականության մեջ անթույլատրելի է։










