Ռուսաստանում Գալուստյանին և Զադորնովին գրանցել են որպես հայտնի բլոգերներ
ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» դաշնային ծառայությունը, համաձայն Ռուսաստանի Դաշնության նոր օրենքի, գրանցվելու անհրաժեշտության մասին հայտ կուղարկի 7 բլոգերի, գրում է lenta.ru-ն:
Ցանկում են հայտնվել գրողներ Բորիս Ակունինը և Էդուարդ Լիմոնովը, երգիծաբան Միխայիլ Զադորնովը, հայազգի հումորիստ և դերասան Միխայիլ Գալուստյանը, բլոգեր և լուսանկարիչ Սերգեյ Դոլյան, նրա գործընկեր Դմիտրի Չերնիշևը, ով ցանցում հայտնի է «mi3ch» կեղծանունով, ինչպես նաև NewsMedia հոլդինգի ղեկավար Աշոտ Գաբրելյանովը:
Օգոստոսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը նախատեսում է հայտնի բլոգերների գրանցում և մասամբ նրանց հավասարեցում լրագրողներին: Օրենքը վերաբերում է բլոգերների, որոնց բլոգներ այցելությունն օրական անցնում է երեք հազարը: Նրանց պարտավորեցրել են հետևել, որ բլոգները չօգտագործվեն հանցագործություններ կատարելու, պետական գաղտնիք հրապարակելու, ծայրահեղական նյութեր հրապարակելու, պոռնոգրաֆիայի, բռնության և դաժանության պաշտամունք քարոզելու համար: Հայտնի բլոգերներին նաև կարգելվի հայհոյանքներ օգտագործել իրենց էջերում:










