Չնայած հրադադարի հաստատմանը՝ Գազայում մարտական գործողությունները վերսկսվել են (լուսանկարներ)
Գազայի հատվածում մարտական գործողությունները վերսկսվել են՝ եռօրյա հրադադարի հաստատումից հաշված ժամեր անց, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ ականատեսներին և տեղական լրատվամիջոցներին հղումով:
«Ալ Կուդս» ռադիոկայանը, որը պատկանում է «Իսլամական ջիհադ» շարժմանը, հաղորդել է զինյալների խմբի կողմից իսրայելյան ուժերի դիրքերի վրա իրականացված հարձակման մասին:
ՀԱՄԱՍ խմբավորմանը հարող ցանցային լրատվական «Սաֆա» ռեսուրսը հաղորդել է առնվազն 5 պաղեստինցի զոհի մասին, որոնք զոհվել են իսրայելյան ավիացիայի և հրետանու կրակից:
Ականատեսները խոսում են պաղեստինյան կողմից «Կերեմ Շալոմ» հսկիչ-անցագրային կետի վրա իրականացված հարձակման մասին:
Միակ սահմանային անցակետը, որն օգտագործվում է անկլավ կոմերցիոն և հումանիտար բեռներ տեղափոխելու համար, տեղակայված է Ռաֆահից ոչ հեռու:
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը դեռ չի մեկնաբանում ցամաքային մարտերի և փոխհրաձգության մասին լուրերը, որոնք սպառնում են խախտել 23-օրյա հակամարտության ընթացքում ամենաերկար հրադադարի մասին համաձայնագիրը:
Եռօրյա մարդասիրական դադարը համաձայնեցվել է ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջնորդությամբ: Այն սկսվել էր այսօր առավոտյան և պետք է ուղեկցվեր հակամարտող կողմերի՝ Կահիրեում ընթացող բանակցություններով:
Լուսանկարները՝ Telegraph-ի


















