Իշխանությունն ինքը երբևէ չի դիմանում, մեզ է ասում՝«դիմացեք» Ա. Մարտիրոսյանը՝ նախարարի՝ ծեր կնոջը տված պատասխանի մասին

21:50 • 01.08.14

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում  մեկնաբանեց  երեկ էներգետիկայի նախարարին մոտեցած տարեց կնոջ հարցին, թե ինչպես պետք է մուծի այսօրվանից թանկացող հոսանքի վարձը իր 27 000 դրամ թոշակով, Երվանդ Զախարյանի պատասխանը, թե՝ «մի կերպ պիտի մուծեք»:

 

«Իշխանությունն ինքը երբեևէ չի դիմանում, միշտ մեզ է ասում՝ «դիմացեք», քանի դեռ իշխանությունն ընտրված չէ, այդպես էլ լինելու է, մենք ենք դիմանալու, ո´չ թե իշխանությունը: Երկրում այնպիսի իրավիճակ պետք է լինի, որ իշխանությունը դիմանա, ո´չ թե մենք»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Նա նշեց, որ իշխանությունը, չգիտես ինչու, ոչ արդյունավետ ծախսեր անելիս, կորպորատիվ խնջույքներ ու մեծաթիվ պատվիրակություններով գործուղումներ կազմակելիս, բյուջեի հաշվին թանկարժեք մեքենաներ գնելիս չի մտածում դիմանալու մասին:


Ինչ վերաբերում է Երվանդ Զախարյանի պատասխանին,  «Ժառանգության» անդամը նկատեց, որ վերջինի պատասխանը իշխանության սովորական ցինիզմի շարքից է: Եթե մարդը կարողանա դիմանալ, կդիմանա, և Երվանդ Զախարյանը չէ, որ պետք է այդ մասին ասի: