ՀՔԾ-ն գործ է հարուցել ոստիկանների նկատմամբ՝ քաղաքացու կամքին հակառակ նրան հյուրանոցի պահակակետում պահելու համար

19:12 • 01.08.14

«Վալեմ» հյուրանոցային համալիրի աշխատակից Միքայել Ս.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում այն մասին, որ 2014թ. փետրվարի 26-ին համալիր այցելած և VIP սենյակը զբաղեցրած չորս երիտասարդներից երեքը հեռացել են, իսկ չորրորդը մնալով հյուրանոցում խոստացել է վճարել մատուցված ծառայությունների վարձը, սակայն լուսաբացին խաբեությամբ հեռացել է հյուրանոցից: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ կայքը։ 

Մարտի 24-ին, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրեսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 

Խաբեությամբ հյուրանոցից հեռացած Ալքեսանդր Պ.-ն, հուլիսի 5-ին, բերման ենթարկվելով Մալաթիայի քննչական բաժին, խոստովանել է, որ փետրվարի 26-ին իր երեք ընկերներին հրավիրել է «Վալեմ» հյուրանոցային համալիր: Հաշիվը պահանջելիս, երբ պարզել է, որ իր մոտ եղած գումարը չի բավարարում` ճանապարհել է ընկերներին: Հետագա վիճաբանություններից խուսափելու համար զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր գումարը չի բավականացնում հյուրանոցի հաշիվը վճարելու համար: Խնդրել է ուղարկել ոստիկաններ` նրանց ներկայությամբ պարտավորագիր գրելու համար: Հյուրանոց ժամանած ոստիկանները իրեն աջակցելու փոխարեն` իր կամքին հակառակ իրեն պահել են հյուրանոցի պահակակետում, որտեղից նա առավոտյան դիմել է փախուստի: 

Հուլիսի 10-ին, քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ, նույն օրը քրեական գործերի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի1-ին մասով: