Երկու ադրբեջանցիներ Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով ցմահ ազատազրկման են դատապարտվել

15:03 • 01.08.14

Ադրբեջանի երկու քաղաքացիներ ցմահ ազատազրկման են դատապատրվել Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով, տեղեկացնում է «Интерфакс-Азербайджан» գործակալությունը:

 

Հաֆիզ Վելիևն ու Աղամիր Աղամիրովը մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով՝ «Պետական դավաճանություն»:

 

Վճիռը կայացրել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը: Գործի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Հուլիսի 19-ից Ադրբեջանում ուժի մեջ են մտել Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնցով խստացվել են մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ պետական իշխանության դեմ գործված հանցանքների պատժաչափերը:

 

Վերջին տարիներին Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների վատացման ֆոնին ադրբեջանական իշխանությունները բազմիցս հայտարարել են իրանական լրտեսներ բացահայտելու մասին:

 

Բաքուն Թեհրանին մեղադրում է երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու, իսկ Իրանն Ադրբեջանին՝ Իսրայելի հետախուզության հետ ընդդեմ Իրանի համագործակցելու համար: