ԱՄՆ-ում դատարանը պարտավորեցրել է McDonald’s-ին 27 մլն դոլար փոխհատուցում վճարել 2 դեռահասի մահվան դիմաց

14:00 • 01.08.14

Աշխարհում արագ սննդի սպասարկման ամենահայտնի ցանցերից մեկին՝ ամերիկյան McDonald’s-ին, դատարանը պարտավորեցրել է 27 մլն դոլարի փոխհատուցում վճարել մահացած 2 դեռահասի ընտանիքներին։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, McDonald’s-ի՝ Տեխասում գտնվող սպասարկման կետերից մեկը մեղավոր է ճանաչվել անվտանգության ցածր որակ ունենալու համար, ինչը դարձել է 2 դեռահասի մահվան պատճառ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2012թ. փետրվարին 18-ամյա ուսանող Դենթոն Ջեյմս Ուորդը մահու աստիճան ծեծվել է McDonald’s-ի ռեստորանի մոտ, իսկ նրա ընկերուհին՝ 19-ամյա Լորեն Բեյլի Քրիսփը, զոհվել է ավտովթարում, երբ փորձել է դաժանաբար ծեծված ընկերոջը հասցնել հիվանդանոց։

 

Նշվում է, որ անցած 3 տարվա ընթացքում այդ ռեստորանի վերաբերյալ ներկայացվել է մոտ 200 բողոք. այն բավական վատ հեղինակություն ունի ու գտնվում է շատ վտանգավոր թաղամասում։

 

Մահացած դեռահասների ընտանիքների փաստաբան Քրիս Համիլթոնի խոսքով՝ ընկերությունը գիտի, թե իր ռեստորանն ինչպիսի վտանգավոր վայրում է գտնվում, սակայն ոչինչ չի ձեռնարկում մարդկանց անիմաստ մահերը կանխելու համար։

 

McDonald’s-ի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։