Առկա խնդիրների լուծման համար էական են ոչ միայն ֆինանսական միջոցները, այլ դրանց կառավարումը. առողջապահության նախարար
Բազմաթիվ խնդիրներ կան առողջապահության ոլորտում, և դա ոչ միայն մեր երկրում է այդպես. եվրոպական զարգացած երկրներում էլ կան այն խնդիրները, որոնք կան Հայաստանում: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով աշխատանքային 100 օրը և անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Այդ խնդիրները կան՝ անկախ նաև նրանից, թե ինչ գումարներ են ծախսվում այդտեղ, դրանք նույնիսկ կապված չեն ֆինանսավորման հետ»,-ասաց նախարարը՝ նշելով, որ համակարգում առկա խնդիրները լուծելու համար էական նշանակություն ունեն ոչ միայն ֆինանսական միջոցները, այլ նաև դրանց կառավարումը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի մարզային բժիշկները տիրապետեն օրեցօր նորացվող տեխնիկային, նախարարն ասաց, որ կադրային հագեցվածությունը պետք է համահունչ լինի սարքավորումների հագեցվածությանը, և այդ կապակցությամբ կա համապատասխան որոշում, որ մարզային բուժաշխատողները պետք է վերապատրաստվեն լավագույն կլինիկաներում:
«Նրանցից ոմանք ոչ միայն Երևանի առաջատար կլինիկաներում, այլ նաև բյուջեի ֆինանսավորման միջոցներով կվերապատրաստվեն նաև արտերկրում»,-տեղեկացրեց Արմեն Մուրադյանը:
«Ինչո՞ւ բժիշկը լիցենզիայից չի զրկվում, երբ նրա սխալի պատճառով մահվան դեպք է գրանցվում» հարցին նախարարը խորհուրդ տվեց նման մեղադրանքներ չհնչեցնել, քանի որ դատարանը պետք է որոշի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
«Եթե այս կամ այն բժիշկը մեղավոր է, ապա նա պետք է պատասխան տա օրենքի առաջ, ոչ թե՝ հիվանդատիրոջ»,-նշեց Արմեն Մուրադյանը:










