Այսօրվա մեր ներքին իրավիճակի համար ո՛չ թուրքն է մեղավոր, ո՛չ ռուսը, ո՛չ եվրոպացին, մենք ենք մեղավոր. Ս. Աբրահամյան
«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով կուսակցության տեսակետը երկրում առկա մի քանի հարցերի շուրջ և ի պատասխան հարցի, թե ինչով է այսօր զբաղված «Հանրապետությունը» ասաց. «Ամենակարևորը՝ ապրում ենք երկրում, աշխատում ենք, որ մեր կուսակցության անդամները չարտագաղթեն, օրվա հացը կարողանան այստեղ վաստակել. շատ բարդ բան եմ ասում: Հույսներս չկտրենք, հավատներս չկորցնենք, նվիրյալ լինենք այս երկրի հողին ու ջրին և սպասենք քաղաքական գործընթացներին», ապա ավելացրեց. «Երբ գալիս է դոփելու ժամանակը, մենք այնպես ուժով ենք դոփում, բայց այդ պահն այսօր չի եկել»:
-Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին ակտիվացել են ադրբեջանցիների կողմից դիվերսիաները: Պատերազմական իրավիճակ տեսնո՞ւմ եք:
-Սովորաբար, երբ եռանախագահների եռակողմ հանդիպումները հանգում են մի ինչ-որ կուլմինացիոն կետի, ադրբեջանցիները սկսում են նման կարգի պրովոկացիաներ անել: Ադրբեջանական կողմն ուզում է արհեստականորեն իրավիճակը սրել և միջազգային հանրությանը այն գիտակցությունը հասցնել, որ իբր թե ղարաբաղյան կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով երբեք լուծում չի ստանա՝ ուժային գործողություններ են պետք, և այլն։
Նման գործողություններով, ցավոք, տարիների ընթացքում հակահայկական տարբեր կարգի որոշումներ են ընդունվում ՄԱԿ-ի շրջանակում, Եվրախորհրդի և այլն: Ճիշտ է, պարտադրանք չկա դրանցում, բայց այն տպավորությունն է ստեղծվում, որ նրանք էլ այն կարծիքին են, թե հարցը ուժի միջոցով պետք է լուծվի: Բայց ես չեմ էլ մտածում, որ Ադրբեջանը չի համարձակվի գործողություններ սկսել, ու դրան էլ պետք է պատրաստ լինել: Բայց, ցավոք, ամեն ինչ ավելի բարդանում է, քան բոլորս ենթադրում էինք:
-Ղարաբաղի հայտարարությունը Մադրիդյան սկզբունքների մասին արդյոք նոր կուրսի փոփոխությո՞ւնն է, դրանք 5 տարի է սեղանին դրված են, ինչո՞ւ նման կտրուկ հայտարարություն եղավ:
-Մենք վաղուց այդ ձևաչափից դուրս ենք մղել ԼՂՀ-ն: Դա մեր մեղքն է եղել և մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի: ԼՂՀ-ի նման մոտեցումը ես միանգամայն բնական եմ համարում: Երևի ժամանակին չեն հարցրել Ղարաբաղին ու հիմա դանակը հասել է ոսկորին, նրանք բարձրաձայնում են իրենց տեսակետը: Բոլոր դեպքերում մենք ամեն ինչ պետք է անենք, լուրջ աշխատանք տանենք ու ցույց տանք, որ միայն խաղաղ բանակցային գործընթացը կբերի տարածաշրջանում մշտական խաղաղության՝ ի տարբերություն Ադրբեջանական պահվածքի:
-Դուք դեմ էիք սեպտեմբերի 3-ին, ու հիմա հայտնի չէ, թե Մաքսային միությանն անդամակցելը ինչ ձևաչափով է լինելու: Որևէ ռազմավարություն ունե՞ք արտաքին քաղաքականության հարցում:
-Դրա մասին մեր կուսակցությունը պաշտոնական դիրքորոշում հայտնել է, բայց ուզում եմ մի բան ասել. և՛ աշխարհաքաղաքական ընդհանուր մթնոլորտը, և՛ մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լուրջ ու խոշոր պետությունների քայլերից ես չեմ հասկանում, թե իրենք գլուխ հանո՞ւմ են այս իրավիճակից, թե՝ ոչ:
Դրա համար երկրի ղեկավարության ու հասարակության խնդիրը կոնսոլիդացիան է, բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն հասարակության իմունիտետի բարձրացմանը, որպեսզի կարողանանք միջազգային մարտահրավերներին դիմակայել: Հավաստիացնում եմ, որ էսօրվա մեր ներքին իրավիճակի համար ո´չ թուրքն է մեղավոր, ո´չ ռուսը, եվրոպացին ու ամերիկացին, մենք ենք մեղավորն ու պատասխանատուն: Դրա համար արտաքին մարտահրավերին դիմակայելու տեսակետից հասարակության համար կարևոր է իր ներքին ռեսուրսների խնդիրը, քան՝ ներսում իրար ուտելը: Այս անպատժելիության՝ ադրբեջանական կողմի լկտիության դեմ, սահմանամերձ տարածքների նոր ռազմավարություն ու մոտեցումներ են պետք, որ մարդիկ աշխատեն, իրենց հողը մշակեն:
-Ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող է անել Հայաստանի իշխանությունը:
-Առաջին հերթին մենք սահմանամերձ գյուղերի և դիրքերի ամրության խնդիրը պետք է կարողանանք լուծել ոչ թե թունելն ավելացնելու, այլ անվտանգ տարածաշրջանն ապահովելու միջոցով, որ այդ թշնամու գնդակը չհասնի բնակավայրերին: Ա՛յ երբ իշխանությունը մեզ կհարցնի, մենք կասենք, թե դա ժամանակին ոնց է արվել, մի քիչ ավելի համարձակ ու խոհեմ գործողություններ ենք ակնկալում:
-Ընդդիմության ներկայիս գործունեությունը քառյակի համատեքստում ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ հույսեր ունեք նրանց հետ կապված:
-Ես նրանց հետ բացարձակապես հույսեր չունեմ, չգիտեմ ինչ են իրենք անում, նրանց հետ համագործակցության և շփման ոչ մի պահ չունենք, մենք մեր ծրագիրը, մեր նպատակներն ունենք։ Մենք չենք հավատում հատկապես որոշ քաղաքական ուժերի, որոնք ընդգրկված են այդ քառյակում, որ ընդդիմություն են, Հայաստանում իշխանափոխություն են ուզում և նորմալ սահմանադրական կարգերի հաստատում, մենք չենք հավատում դրան:
-Դուք՝ որպես ընդդիմություն, ի՞նչ ռեալ քայլեր եք անում հիմա և ի՞նչ եք նախատեսում անել:
-Ամենակարևորը՝ ապրում ենք երկրում, աշխատում ենք, որ մեր կուսակցության անդամները չարտագաղթեն, օրվա հացը կարողանան այստեղ վաստակել. շատ բարդ բան եմ ասում: Հույսներս չկտրենք, հավատներս չկորցնենք, նվիրյալ լինենք այս երկրի հողին ու ջրին և սպասենք քաղաքական գործընթացներին: Հիմա մեր առօրյա կուսակցական գործունեությամբ ենք զբաղված: (Իսկ ժողովրդի՞ համար…-Tert.am) Բա ժողովրդի համար ենք անում, էսքան տանջվեցինք, էսքան տուժեց մեր կուսակցությունը, էսքան մաշվեց, էսքան տառապեցին մեր կուսակցության անդամները հենց ժողովրդի համար:
Ուղղակի այս պահին, երբ չկան քաղաքական ակտիվ գործընթացներ, մեզ համար անհասկանալի է: Աննպատակ ոչինչ չպետք է արվի, թե միտինգ, թե հացադուլ, այդ բոլորը պետք է մի ամբողջական գործողությունների էլեմենտ լինի, որի վերջնական նպատակն է Հայաստանում սահմանադրական օրենքի գերակա խնդիր, ընտրական նորմալ պրոցես և սահմանադրական նախագահական ընտրություններ հաստատվեն:
-Միայն չարտագաղթելը երկրի համար արվող քա՞յլ եք համարում:
-Մարդիկ, որոնք նոր են մտնում քաղաքականություն, իրենց մոտ քաղաքականությամբ զբաղվելը փողոցները տակնուվրա անելն է, մենք այնքան ենք արել, մենք այնքան ենք այդ փողոցները չափչփել, մենք այնքան միտինգներ ենք արել։ Միայն Ստեփան Դեմիրճյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հանրապետություն» կուսակցությունը 440 ձերբակալված է տվել, դրանից ավելի քիչ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ժամանակ: Երբ գալիս է դոփելու ժամանակը, մենք այնպես ուժով ենք դոփում, բայց այդ պահն այսօր չի եկել: Ուղղակի ամեն գին բարձրացնելու հետ, որոնք կարող են հասարակական կազմակերպություններն անել, քաղաքական կուսակցությունները չեն կարող այդ ամեն ինչին մասնակցել: Այնպես որ Ձեր իրոնիան Հայաստանում մնալու մասով ինձ համար, ցավոք սրտի, անընդունելի չէ, ու արդեն խնդիր է դարձել դա, այո՛:
- Իսկ որպես քաղաքական ուժ, «Հանրապետություն» կուսակցությունն ինչպե՞ս է արձագանքում երկրում տեղի ունեցող այն իրադարձություններին, որոնք հասարակական ընդվզում են առաջացնում:
-Շատ վատ, շատ վատ գնահատական ենք տալիս: Երկրի ղեկավարման հարցում իշխանության սխալը տեսնելու համար, ցավոք, ամիսները քիչ են լինում: Երկրում տիրող այսօրվա իրավիճակը երկար տարիների պատմություն ունի, ինչի մասին մենք ժամանակին զգուշացնում էինք: Եվ ամենամեծ սխալը սկսեց գույքը պարտքի դիմաց ծրագրից: Դա այսօրվա սխալ չէ, դա սխալների շարունակություն է, իսկ թե իշխանությունները քաղաքական կամք ունեն այդ ամենը հարթելու, ես չգիտեմ:
-Կարծիքներ են հնչում, որ երկիրը ռելսերից ընկել է: Ըստ Ձեզ՝ արդյոք ժամանակը չէ՞ միասին դոփելու:
-Բայց նաև պետք է այդ պրոցեսները գնան: Մարդիկ քանի օր փորձեր արեցին, որքան մարդ կարողացան փողոց դուրս բերել: Պետք է ժողովրդի ուժը զգալ: Էս ժողովրդին սոցիալական խնդիրներով հանել լուրջ խնդիր՝ իշխանափոխության հարց լուծելու համար, չես կարող: Հայաստանում միայն քաղաքական ակտիվ պրոցեսների ընթացքում կարող է իրավիճակ փոխվել:










