Թուրք կանայք յուրահատուկ ձևով են արձագանքել հասարակության մեջ չծիծաղելու փոխվարչապետի կոչին (լուսանկարներ)
Որպես անհնազանդության «ուրախ» ակտ՝ երեկ թուրքական Twitter-ը ողողվել է ծիծաղացող կանանց լուսանկարներով: Twitter-ում թուրք կանայք այդպես են արձագանքել երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի խոսքերին, ով երկուշաբթի կոչ էր արել կանանց հասարակության մեջ բարձր չծիծաղել, գրում է Daily Mail-ը:
Հարյուրավոր կանայք բարձր ծիծաղելիս արված իրենց լուսանկարներն են հրապարակել՝ ավելացնելով #direnkahkaha (դիմադրել ծիծաղ) և #direnkadin (դիմադրել կին) հեշթեգերը:
Լուսանկարներ են հրապարակվել նաև Instagram կայքում:
Թուրք տղամարդիկ նույնպես իրենց աջակցությունն են հայտնել: Օգտատերերից մեկը գրել է, որ այն երկրի տղամարդիկ, որտեղ կանանց թույլ չի տրվում ծիծաղել, վախկոտներ են:
Իր ելույթում Առընչը բողոքել էր նաև հեռուստատեսային ծրագրերի «բարոյազրկումից», որը, նրա խոսքով, դեռահասներին մաքրության խորհրդանիշներից դարձնում է սեքսից կախվածություն ունեցողների: Նկարագրելով կատարյալ տղամարդուն և կնոջը՝ Առընչն ասել էր, որ նրանք պետք է ունենան ամոթի և պատվի զգացում:



















