ԱՄՆ-ն մտահոգված է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու ձերբակալությամբ
Վաշինգտոնը լրջորեն անհանգստացած է հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի քրեական հետապնդմամբ, որոնց Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել Հայաստանի օգտին լրտեսելու, խարդախությունների, հարկերից խուսափելու համար, տեղեկացնում է haqqin.az-ը:
«Լեյլա Յունուսի և նրա ամուսնու դեմ քրեական հետապնդումը լուրջ մտահոգությունների առիթ է տվել և վկայում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության խաղաղ գործունեության հետագա սահմանափակումների մասին»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի քարտուղար Մարի Հարֆը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում հարգել իր քաղաքացիներին՝ ապահովելով նրանց ազատ արտահայտման իրավունքը, ինչը երաշխավորված է երկրի ստանձնած միջազգային պարտավորություններով:
Նույն օրն ԱՄՆ Հելսինկյան կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել՝ քննադատելով Յունուսների ընտանիքին մեղադրանքի առաջադրումը:
«Մենք պահանջում ենք հանել այդ մեղադրանքներն ու դադարեցնել արշավն ընդդիմության, քաղաքացիական հասարակության և լրագրողների դեմ, որոնք խաղաղ ճանապարհով իրականացնում են խոսքի և հավաքների ազատության իրավունքը», - ասված է հայտարարության մեջ:










