Պետք է շտկվի ՀՀ միակողմանի կողմնորոշումը դեպի ՌԴ. Արա Պապյան
Երբևէ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն այսքան լարված չեն եղել: Սա կարելի է համարել ռուսական երրորդ «հայրենական պատերազմ». լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Արևմուտք-Ռուսաստանի Դաշնություն հակամարտության մասին՝ ասաց «Մոդուս-Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
«Ինձ համար ակնհայտ է, որ այս դիմակայության արդյունքը լինելու է այն, որ Ռուսաստանը պարտվելու է: Այս դիմակայությունը կար դեռևս տասնյակ տարիներ առաջ՝ ՍՍՀՄ-Արևմուտք ժամանակահատվածում, սակայն այն ժամանակ ՍՍՀՄ-ն ավելի ուժեղ էր, քան ներկայիս Ռուսաստանը, իսկ Արևմուտքն այնքան հզոր չէր, որքան այսօր է»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, թե Ռուսաստանի նոր ղեկավարությունը փոխանակ գնար Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, գնաց հակադրության ճանապարհով:
«Այս պարագայում Ռուսաստանը պարտվելու է: Արևմուտքը և ԱՄՆ-ն կհասնեն իրենց նպատակին: Տեսնում ենք, որ Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, և տեսնում ենք նաև, որ Արևմուտքը անհատներից անցավ ոլորտային պատժամիջոցների»,-ասաց Արա Պապյանը:
Նրա բնորոշմամբ՝ ժամանակ է պետք, որպեսզի այդ պատժամիջոցների հետևանքները Ռուսաստանն զգա իր մաշկի վրա, և քաղաքագետն այն կարծիքին է, որ Ռուսաստանը կարող է հայտնվել այնպիսի վիճակում, ինչ իննսունականների սկզբին էր:
«Սա մեզ համար վատ է, բայց մեզանից կախված չէ: Այս պատժամիջոցներն էականորեն ազդելու են Հայաստանի տնտեսության վրա: Հայաստանում գործող ռուսական ընկերությունների վիճակը կծանրանա, դա կազդի մեր տնտեսության վրա: Բացի դրանից նաև գիտենք, որ շատ անհատների եկամուտները նույնպես գալիս են ՌԴ-ից՝ տրանսֆերտների միջոցով»,-հայտարարեց քաղաքագետը՝ եզրակացնելով, որ թեև այս ամեն ինչը մեր դեմ չէ, բայց մենք հնարավոր է՝ շատ ավելի տուժենք, քան ՌԴ-ն, սա մեզ համար կարող է լինել ճակատագրական:
«Հերթական անգամ կանգնել ենք պատմական քառուղու առջև»,-ասաց Արա Պապյանը:
Քաղաքագետի համոզմամբ՝ այն միակողմանի կողմնորոշումը, որ մենք ունենք դեպի Ռուսաստանի Դաշնությունը, պետք է շտկվի, այլապես մենք խնդիրներ կունենանք Արևմուտքի հետ:
Եզրափակելով իր խոսքը՝ Արա Պապյանն ասաց, թե մենք մեր հարաբերություններն Արևմուտքի հետ պետք է հնարավորինս հստակեցնենք, քանի որ մեզ համար ակնհայտ է, որ մեր հիմնական թշնամի Թուրքիայի հիմնական զսպող ուժը Արևմուտքն է:










