Այսօր նոր որակի առաջնորդների կարիք կա. Արծրուն Պեպանյան
Tert.am-ի հետ զրույցում քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը, անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին և առկա մարտահրավերներին, ասաց, թե մեզանում հավկուրության երևույթ կա՝ չտեսնել իրականությունն իր դժվարություններով ու ողբերգականութամբ: «Կոնսոլիդացիայի կարիքը վաղուց կար. առանց կրակոցի էլ տեսնողները տեսնում էին երկրի գահավիժումը: Սակայն իշխանություններն իրենց ապաշնորհ վարքով, ընդդիմությունն էլ իր թերմտածված շարժումներով ծվեն-ծվեն ջլատեցին, քայքայեցին արցախյան շարժումից մնացած մեր հավաքականությունը»,– ասում է նա:
-Պարո՛ն Պեպանյան, Հայաստանի համար ծանր ու խառն այս վիճակում, երբ մի կողմից սահմանին կրակոցներ են, ԵՏՄ-ին անդամակցել-չանդամակցելու հարցը կա, սոցիալական ծանր վիճակ է, մյուս կողմից էլ ոչ իշխանական ուժերի քառյակն է «արձակուրդ» վերցրել, իսկ ՍԴ-ն էլ բարեփոխումների փաթեթն է վերցրել ու մարզերով պտտվում, սա համարժե՞ք արձագանք է այդ մարտահրավերներին:
- Իշխանություններն ապրում են հայլուրային Հայաստանում, որտեղ ամեն ինչ երանելի է: Ընդդիմությունն էլ արդեն քանի տասնամյակ ապացուցում է, որ անկարող է գտնել իրականությունը որոշող պատճառներն ու իրավիճակից ելքը:
-Սահմանին պարբերաբար կրակում են: Հասարակության շրջանում անհանգստության մթնոլորտ կա: Կոնսոլիդացիա պե՞տք է, և եթե՝ այո, ապա արդյո՞ք սա ուտոպիա չէ:
-Կոնսոլիդացիայի կարիքը վաղուց կար. առանց կրակոցի էլ տեսնողները տեսնում էին երկրի գահավիժումը: Սակայն իշխանություններն իրենց ապաշնորհ վարքով, ընդդիմությունն էլ իր թերմտածված շարժումներով ծվեն-ծվեն ջլատեցին, քայքայեցին արցախյան շարժումից մնացած մեր հավաքականությունը: Կոնսոլիդացիան, իհարկե, ուտոպիա չէ: Քչերը կհավատային, թե հայերը կարող էին համախմբության այնպիսի վառ օրինակ ցույց տալ, ինչպես եղավ 1988-ին: Տեսականորեն հիմա էլ է հնարավոր ցնցել հայությանը: Բայց դրա համար նոր որակի առաջնորդների կարիք կա, ովքեր տեղյակ կլինեն հայության իրական պատմությանը, աշխարհում նրա ունեցած դերին ու դրա հետ մեկտեղ կգտնեն դեպի հայի սիրտ տանող ուղին:
-Ընդդիմադիր քաղաքական ուժերը թթու խոսք են ասում քառյակին ու այդքանով ավարտում իրենց առաքելությունը: Իսկ արտախորհրդարանական ուժերն ի՞նչ են անում:
- Ընդհանրապես մեր քաղաքական ուժերն ավելորդություն են: Նրանք պատկերացում չունեն իրականությունը որոշող երևույթների մասին, և նրանց գործունեությունից ժողովրդին միմիայն վնաս է լինում: Քանի որ ժողովուրդն ինքն ունակ չէ դա ըմբռնել, ապա օգնության է գալիս նորին մեծություն ժամանակը, և այդ կուսակցություններին, իրենց առաջնորդներով հանդերձ, ուղարկում մոռացության գիրկը: Ո՞ւր են այն առաջնորդները, ում անուններն էին վանկարկում 1996-ին: Ու՞ր են նրանց կուսակցությունները, որ բազմահազար էին: Բոլորը նույն ճակատագրին են արժանանալու, եթե շարունակեն մնալ մակերեսայնության նույն մակարդակի վրա:
-Իսկ Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան տանդեմից ի՞նչ կարելի է սպասել աշնանը:
- Տեր-Պետրոսյանը լինելով մեր ժամանակի, թերևս, թիվ մեկ քաղաքական գործիչը՝ այնուամենանիվ, քիչ հավանական է, որ կարող է դառնալ երկիրն այս վիճակից դուրս բերող առաջնորդ, քանի որ լիբերալ-դեմոկրատիան, որի հետևորդ է ինքը, անզոր է մեր խնդրի դեմ: ԲՀԿ-ում ես չեմ տեսնում մտքի այն անհրաժեշտ հավաքականությունը, որը կգտներ իրավիճակից լուծումը: Բայց այդ գործիչները տեսականորեն կարող են կոսմետիկ փոփոխությունների հասնել: Դա էլ քիչ բան չէ, եթե դրա արդյունքում հաջողվի փոքրիշատե մեղմել անկման արագությունը:
-Հիմա գրեթե նույն վիճակում ենք հայտնվել, ինչ 20-րդ դարի սկզբին: Եթե չասենք փրկության բանաձևը, ապա ելքը ո՞րն է:
- Վերջերս Հրայր Թովմասյանի հետ հրատարակել եմ «Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին» գիրքը, որում ներկայացված է Առաջին հանրապետության օրոք եղած վիճակը: Կարդալով գիրքը, դժվար չէ եզրակացնել, որ մենք այսօր ունենալու էինք հենց այս իրականությունը: Գրքում ներկայացված են նաև այդ շրջանի մեր մեծերի մտահոգությունները, տեղի ունեցող երևույթների բացատրություններն ու ելքի շուրջ մտորումները: Ցավոք, խորհրդային շրջանը կասեցրեց քաղաքական մտքի ընթացքը մեզանում, և մեր մեծերի կողմից ներկայացված առաջարկները չլրամշակվեցին ու կյանքի չկոչվեցին, և մեր ներքին խնդիրները լուծում չգտնելով, այսօր մեզ իջեցնում են ճահճի հատակը: Հովհաննես Թումանյան-Հայկ Ասատրյան-Գարեգին Նժդեհ եռյակն իրենց գործերում անդրադարձել են և՛ այն մասին, թե ինչո՞ւ է այսպես, և՛ ի՞նչ անել հարցերին: Բայց մեր քաղաքական գործիչներն ու կուսակցությունները, ցավոք, չունեն բավարար խոհեմություն նրանց մշակումներն ըմբռնելու և ավարտին հասցնելու համար: Իրականությունը խորատես գործիչների կարիք է զգում, ու նրանք, կարծում եմ, չեն ուշանա:










