Բելգիացի բժիշկը հրաժարվել է բուժել հրեա կնոջը՝ Իսրայելի քաղաքականության պատճառով
Բելգիայում վիրաբույժը հրաժարվել է բուժել կոտրված կողոսկրով հրեա կնոջը՝ խորհուրդ տալով նրան այցելել Գազայի հատված, որն արդեն մեկ ամիս գնդակոծվում է Իսրայելի կողմից, հայտնում է euromag-ը: Նա խորհուրդ է տվել այցելել այնտեղ՝ «ցավից ազատվելու համար»:
Հուլիսի 31-ի երեկոյան Անտվերպենի բնակչուհի Բերտա Կլյայնը վնասել է կողոսկրը և խնդրել իր որդուն բժիշկ կանչել: Վիրաբույժը, ով հերթապահել է այդ օրը, մերժել է:
«Ես չեմ գա»,-ասել է նա ու նետել հեռախոսափողը: Այնուհետ հիվանդի որդին զանգահարել է ևս մի անգամ և խնդրել բժշկին բացատրել մերժման պատճառը: «Ուղարկե՛ք նրան Գազա, այնտեղ նա հաստատ կազատվի ցավից»,-ասել է նա:
Russia Today-ը՝ Joods Actueel-ին հղումով, հայտնում է, որ բժիշկը, ում անունը չի հրապարակվում քննության շահերից ելնելով, հաստատել է հեռախոսազրույցի փաստը՝ խոստովանելով, որ դա եղել է հուզական արձագանք Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող գործողություններին:












