Պուտինն ու Օբաման քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 1-ի երեկոյան զանգահարել է ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու համար:
Երկու երկրների առաջնորդները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տիրող ճգնաժամի հետ կապված:
«Չնայած մի շարք սկզբունքային հարցերի շուրջ գնահատականներում զգալի տարբերություններին՝ կողմերն ընդգծել են Ուկրաինայի հարավ-արևելքում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու և քաղաքական գործընթաց սկսելու կարևորությունն ու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այս կապակցությամբ դրական գնահատական է տրվել Մինսկում կայացած կոնտակտային խմբի խորհրդակցություններին, ընդգծվել է նման ձևաչափով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
Նաև հաղորդվում է, որ Պուտինն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը «հակաարդյունավետ» է բնութագրել: Ըստ նրա՝ «նման քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում երկկողմ համագործակցությանն ու միջազգային կայունությանը՝ ընդհանուր առմամբ»:










