ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնել շփման գծում բռնության աճի վերաբերյալ
ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գրանցված բռնության աճի վերաբերյալ, որը զգալի զոհերի պատճառ է դարձել: Այդ մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
«Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և կոչ ենք անում կողմերին անհապաղ գործողություններ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ և հարգել զինադադարը: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Հաշվեհարդարը և բռնության շարունակությունը միայն ավելի կդժվարացնեն հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասված է հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգները կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպել առաջին իսկ հնարավորության դեպքում՝ գլխավոր հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար:
«Մենք նաև կոչ ենք անում կողմերին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը՝ սկսել բանակցային գործընթաց, որը կարող է խաղաղության համաձայնագրի հաստատման հանգեցնել: Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի գործընթացին և պատրաստ ենք օգնել երկարատև կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել էր հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:
Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության` հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Գործողության հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող՝ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը:
Նշենք, որ այսօր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են նոր դիվերսիայի մասին. օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:










